ՔԿԱԳ-ից դուրս ամուսնության գրանցման նոր կարգ. ի՞նչ է փոխվել

Որպես կանոն ամուսնության պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմիններում։ 2026 թվականի ապրիլի 3-ից ուժի մեջ է մտել նոր կարգ, որը սահմանում է ՔԿԱԳ-ից դուրս ամուսնության գրանցման դեպքերը և պայմանները։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ արդարադատության նախարարի 2026 թվականի ապրիլի 3-ի N 166-Ն հրամանով սահմանվել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոններից դուրս ամուսնության գրանցման նոր կարգ։

Կառավարության որոշմամբ, ապրիլի 3-ից, ուժը կորցրած ճանաչվեց կառավարության 2012 թվականի որոշումը, որը թույլ էր տալիս որոշակի դեպքերում ամուսնություն գրանցել ՔԿԱԳ-ից դուրս։ Այդ մասին Iravaban.net-ը նյութ է հրապարակել այստեղ։

Ե՞րբ է հնարավոր ՔԿԱԳ-ից դուրս ամուսնություն գրանցել

Նոր հրամանի համաձայն՝ ՔԿԱԳ-ից դուրս ամուսնության գրանցում կարող է կատարվել հետևյալ դեպքերում՝

  1. ամուսնացող անձանց կողմից ներկայացված համապատասխան դիմումի առկայության դեպքում,
  2. կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ կամ նրանց միջև ամուսնության պետական գրանցման համար ներկայացված համապատասխան դիմումի առկայության դեպքում։

Որտե՞ղ է արգելված ՔԿԱԳ-ից դուրս ամուսնություն գրանցել

Հրամանի համաձայն՝ ՔԿԱԳ-ից դուրս ամուսնության գրանցում չի կարող կատարվել՝

  • օդային կամ ջրային տարածքում (օդապարիկ, ինքնաթիռ, նավ և այլն),
  • բնության հատուկ պահպանվող տարածքում (ազգային պարկ, արգելոց և այլն),
  • դժվարհասանելի տարածքում (լեռ, ժայռ և այլն),
  • արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ,
  • ընդհանուր օգտագործման այնպիսի տարածքներում, որտեղ ամուսնության պետական գրանցումը կարող է խոչընդոտներ ստեղծել ամուսնացող անձանց կամ այլոց կյանքի կամ առողջության համար (տանիք, կամուրջ, ճանապարհ և այլն)։

Դիմումի ներկայացման ժամկետ

ՔԿԱԳ-ից դուրս ամուսնության գրանցման համար դիմումը պետք է ներկայացվի ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 7 օր առաջ։

Ոչ աշխատանքային օրերին ամուսնություն գրանցելու դեպքում վկայականում նշվում է ոչ աշխատանքային օրերին նախորդող վերջին աշխատանքային օրը։

Վճարի չափը

Հրամանի համաձայն՝ ՔԿԱԳ-ից դուրս ամուսնություն գրանցելու դիմումին պետք է կցել ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1188-Ն որոշմամբ սահմանված լրացուցիչ ծառայության վճարը պետական բյուջե վճարված լինելը հավաստող ապացույցը։

N 1188-Ն որոշման համաձայն՝ ՔԿԱԳ-ից դուրս ամուսնության գրանցման վճարը կազմում է՝

  • 40,000 դրամ,
  • ոչ աշխատանքային ժամերին և (կամ) ոչ աշխատանքային օրերին՝ 60,000 դրամ։

Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ կամ նրանց միջև ամուսնություն գրանցելու դեպքում դիմումը պետք է հաստատված լինի քրեակատարողական հաստատության ղեկավարի ստորագրությամբ և հաստատության կնիքով։

Տարածքի պահանջներ

Հրամանի համաձայն՝ ՔԿԱԳ-ից դուրս ամուսնությունը գրանցվում է միայն ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի աշխատակիցների կողմից՝ համապատասխան այնպիսի տարածքում, որը պետք է կահավորված լինի սեղանով և Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։

Աշխատակիցների հագուստի պահանջներ

ՔԿԱԳ-ից դուրս ամուսնություն գրանցելու համար սպասարկման կենտրոնի աշխատակիցը պետք է լինի բացառապես դասական ոճի հագուստով ու խնամված արտաքին տեսքով։

Իգական սեռի աշխատակիցներին չի թույլատրվում ներկայանալ տոնական կամ խիստ արտահայտված շպարով, սանրվածքով, չափազանց մեծ և ուշադրություն գրավող զարդերով, իսկ արական սեռի աշխատակիցներին՝ չխնամված սանրվածքով և մորուքով։

Ամուսնության արարողության տեքստ

Հրամանով սահմանվել է հատուկ տեքստ, որով պետք է առաջնորդվել ՔԿԱԳ-ից դուրս ամուսնություն գրանցելիս։

Տեքստը սկսվում է հետևյալ բառերով՝ «Հարգելի՛ քաղաքացիներ (նշել անուն ազգանունները), հաշվի առնելով ընտանիքի ինստիտուտի առանձնահատուկ դերը և նշանականությունը հասարակության բնականոն զարգացման հարցում և հիմք ընդունելով ամուսնություն կնքելու ձեր կամահայտնությունը…»։

Տեքստը ներառում է երկու հիմնական հարց՝

  1. Համաձա՞յն եք դառնալու օրինական ամուսիններ
  2. Արդյո՞ք ձեր ամուսնություն գրանցելու փոխադարձ համաձայնությունը հիմնված է կամավորության վրա

Դրական պատասխաններից հետո ամուսնացողներն իրենց ստորագրություններով հաստատում են համաձայնությունը, և աշխատակիցը հայտարարում է նրանց օրինական ամուսիններ։

Փոխադրման ծախսեր

Հրամանի համաձայն՝ ՔԿԱԳ-ից դուրս ամուսնություն գրանցելու համար սպասարկման կենտրոնի աշխատակիցի փոխադրումը պետական բյուջեի միջոցների հաշվին է։

Վարքագծի կանոններ

ՔԿԱԳ-ից դուրս ամուսնություն իրականացնելիս աշխատակիցը պետք է հետևի քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոններին, հաղորդակցվելիս դրսևորի բարեկրթություն, իսկ ամուսնության գրանցումն ավարտելուց անմիջապես հետո հեռանա տարածքից։

Նոր կարգը ուժի մեջ է մտել 2026 թվականի ապրիլի 3-ին, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Iravaban.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Leave a Comment