Մեղավորներ փնտրել ճիշտ չէ․ Սյունիքի փոխմարզպետը՝ մարտի 27-ին Կապանում գրանցված հեղեղումների մասին

Մարտի 27-ին Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցի սելավատարի պատնեշի փլուզումից հետո քաղաքում հեղեղումներ էին։ Իրավաբանական ու ֆիզիկական 21 անձ տուժել է այդ հեղեղումից։ Ի՞նչ իրավիճակ է հիմա Կապանում՝ հեղեղումներից հետո։ Զրուցել ենք Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան, ինչ իրավիճակ է հիմա Կապանում՝ մարտի 27-ին տեղի ունեցած հեղեղումներից հետո։

-Նշեմ,  որ Կապանի միայն մեկ՝ Գրիգոր Արզումանյան թաղամասում  էր հեղեղում, փլուզվել սելավատարի պատնեշը։ Մինչ այդ, մարզպետի հանձնարարությամբ, բոլոր շահագրգիռ կազմակերպությունները, համայնքի ղեկավարներն ու վարչական ղեկավարներն տեղեկացվել  էին վտանգի մասին։ Կարծում եմ, ի պատիվ Սյունիքի բնակչության, մենք պատրաստ էինք։ Ցավոք ունեցանք նաև վնասներ, ունենք իրավաբանական ու ֆիզիկական 21 անձ, ովքեր ինչ-որ չափով տուժել են։ Այս պահին Սյունիքի մարզպետի աշխատակազմը իրականացվում է վնասի գնահատաման աշխատանքները

-Պարոն Հարությունյան, իսկ  ո՞վ է  մեղավոր ստեղծված իրավիճակի համար թե պարզապես բնության հերթական տարերք էր։

-Ըստ էության, աննախադեպ  տեղումներ էին, նաև տարվա այս եղանակին ձնհալ է։ Մեղավորներ փնտրել, կարծում եմ, ճիշտ չէ։ Ավելի ճիշտ է ասել՝ ինչ է արվել։ Արվել է կանխարգելիչ մեծ  ծավալի աշխատանք, որի արդյունքում ունեցանք հեղեղատարի փլուզում, չունեցանք որևէ գետի ափերից դուրս գալու կամ մեծածավալ հեղեղման դեպքեր։ Սյունիքի մարզպետի 4 տարվա գործունեության  արդյունքում մարզպետի աշխատակազմը մեկ կարևոր խնդիր է լուծել՝   բարձրացվել է Սյունիքի դիմադրողականությունը, որը մենք տեսանք մարտի 27-ին, թե ինչպես կարողացան շահագրգիռ բոլոր կառույցները տեղում աշխատել, մարզպետը առաջին իսկ րոպեից դեպքի վայրում է եղել, նրան միացան նաև մարզպետի աշխատակազմի այլ աշխատակիցներ։

-Եվ խոսենք գետերի հուների մաքրման մասին։ Կառավարությունը համայնքներին միջոցներ է տրամադրում այդ աշխատանքների համար։

-Գետերի հուների մաքրումը կառավարության առաջնահերթ ծրագրերի մեջ է մտնում։ Դա միայն էսթետիկ տեսք չէ որ տալիս է մարզին կամ համայնքներին, այլ նման իրավիճակներում համոզվեցինք որ կարևոր դեր ունի՝ դա   անվտանգային հարցեր է լուծում։ Մեր աշխատանքը բավարար եմ գնահատում, չասեմ գերազանց, որովհետև սելավատարի պատնեշի դեպք ենք ունեցել։ Ի դեպ նշեմ, որ ճանապարհների քարաթափման դեպքեր ենք ունեցել, որոնք ճանշին ընկերությունների հետ աշխատանքի արդյունքում ճանապարհները մաքրվել են, այս պահին էլ շարունակվում են բարեկարգման աշխատանքը։

Leave a Comment