«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, որ սեփական օրինագծին ամիսներ առաջ դեմ էր քվեարկել, ցանկանում է նորից շրջանառության մեջ դնել նույն վիճահարույց օրինագիծը, որով առաջարկում է գումարի դիմաց կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը։ Այս անգամ պատգամավորը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով է եկել վիճակարգրությամբ․
«2024 թ. մինչև 18-տարեկաններից քաղաքացիությունից հրաժարվել է իգական սեռի 62 քաղաքացի, արական սեռի 1949 քաղաքացի, այսինքն` շուրջ 2 հզր տղա։ Մենք կորցնում էինք, որովհետև որևէ մեխանիզմ չէինք կիրառում։ Այդ ժամանակ պաշտպանության նախարարը ասում էր՝ անթույլատրելի է և սրա դեմը պետք է առնենք։ 2025-ին իգական սեռի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գրեթե չի փոխվել, արական սեռի ներկայացուցիչներինը աճել 44 %-ով՝ հասնելով 2․811 ի։ Այսինքն` մենք մեր բանակի զորակոչից տարեկան 30 %-ը կորցրել ենք միայն այն հանգամանքով պայմանավորված, որ անցած տարի մայիսին նախագիծը մերժվել է հանձնաժողովում»։
Սարգսյանը հիշեցնում է օրինագծով առաջարկվող հիմնական կարգավորումները․ զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիները 5 տարվա ազատազրկման փոխարեն կա՛մ կծառայեն բանակում, կա՛մ կազատվեն ծառայությունից 15 մլն դրամի կամ շուրջ 37 հզր դոլարի դիմաց։
Հետախուզվող քաղաքացիները կարող են քրեական հետապնդումից ազատվել՝ նաև ավելի քան 2 մլն դրամ վճարելով ու մեկ տարի ծառայելով, 5 մլն դրամի դիմաց 6, իսկ 10 մլն դրամի դիմաց էլ՝ ընդամենը 1 ամիս ծառայություն անցնելով։
Պատգամավորը օրինագծի շուրջ կառավարության հետ նախորդ քննարկումներից որոշ փակագծեր է բացում։ Մասնավորապես՝ պնդում, որ երբ առաջին անգամ վարչապետին է ներկայացրել նման օրինագիծ հեղինակելու գաղափարը, վերջինս խնդրել է գործակցել ՊՆ նախարարի հետ։ Սուրեն Պապիկյանի հետ Սարգսյանը որոշ պայմանավորվածություններ է ձեռք բերել․
«Նախարարը առաջարկեց նախագծից հանել հավաքագրված գումարները զինվորներին տրամադրելու կետը և ծառայության ժամկետի կրճատման կետը` ասելով, որ դա ինքն է ցանկանում անել։ Ես ստիպված էի համաձայնել, քանի որ վարչապետը ինձ խնդրել էր նախագիծը շրջանառել նախարարի հետ համաձայնեցված տարբերակով։ Ես հանում եմ իմ նախագծից ամենագրավիչ 2 կետերը՝ հավաքագրված գումարները զինվորներին տրամադրելու և ծառայության ժամկետի կրճատման կետերը, դրանք տալիս եմ նախարարին, ինչպես պայմանավորվել ենք։ Սա եղել է հստակ պայմանավորվածություն իմ և պաշտպանության նախարարի միջև։ Այժմ ստացվում է, որ պաշտպանության նախարարը խախտում է մեր պայմանավորվածությունը»։
Պատգամավորն ասում է՝ ծառայության ժամկետի կրճատման կարգավորումը բխում էր իր օրինագծից։ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը հակադարձում է․
«Ուզում եմ ես բոլորին հիշեցնել, որ ծառայության ժամկետի կրճատումը կառավարության 2021-2026 թթ․ծրագրում արդեն իսկ ներառված էր»։

Սարգսյանն առաջարկում է դեմ քվեարկել նախագծին, վստահեցնում է՝ այն որևէ կերպ չի անդրադառնալու զորակոչիկների թվի փոփոխման վրա․
«Ընդունենք, եթե 3․000 մարդ օգտվի գումարի դիմաց բանակից ազատվելու հնարավորությունից։ Սա ձեր ասած զորակոչի ավելանալու խնդիրը չի լուծի։ Իհարկե, բյուջե փող կմտնի, բայց դուք ներկայացնում եք, որ զորակոչը նվազել է և եկեք գումարով ազատենք, սա կլուծի, ձեր ասածը բյուջե գումար մուտք գործելու խնդիրը կլուծի նաև ինչ֊-որ չափով եթե առկա են ձեր նշած կոռուպցիոն ռիսկերը, ինչ֊-որ չափով կնվազեցնի էդ ռիսկերը, բայց էդ խնդիրը, որը ձեր նախագծի հիմքում ավելի ցցուն կերպով ներկայացվում է, որ զորակոչիկների թիվը էսպես գահավիժում է դեպի ներքև չի ավելանում, ապա եթե փողով ազատենք, կավելանա, փողով ազատենք, փողով ազատվողների թիվը կավելանա»։
Հայկ Սարգսյանը համաձայն չէ․
«Ասում եմ` եկեք այս քաղաքացիներին, որոնք հրաժարվում են, ասենք՝ ախպեր ջան, եթե դուք ուզում եք հրաժարվեք, 15 միլիոն վճարեք, դա այն գումարն է, որը հավասարեցված է 2 պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձին։ Եթե ուզում եք հրաժարվել, չծառայեք, վճարեք էդ գումարը, դա վերցնենք, տանք 10 հոգու ծառայողներին՝ ամեն մեկին մեկուկես միլիոնով, որպեսզի ձեր չծառայելու արդյունքում մնացածի ծառայությունը արժևորվի»։
Ընդդիմադիր պատգամավորներից քննարկմանը մասնակցում է միայն «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ իրենց դիրքորոշումը չի փոխվել․ օրինագիծը սոցիալական անարդարության լուրջ խնդիրների կարող է հանգեցնել․
«Լուրջ հասարակական պառակտում է բերելու նույնիսկ ընտանիքի, նույնիսկ գերդաստանի մեջ։ Ասենք՝ ընտանիքը 2 որդի ունի, որոնք պետք է զորակոչվեն։ Հայրը կարողանում է մեկի գումարը ճարել, էն մյուսինը չի ճարում։ Այսինքն` ես մտնում եմ նույնիսկ ընտանիք` հորեղբոր տղա, հորքուրի տղա։ Դեռ ավելին՝ երիտասարդների և մեծերի հակասություն է առաջացնում՝ ինչի՞ իմ հայրը չկարողացավ ճարել, ուրիշի հայրը կարողացավ ճարել»։
Հայկ Սարգսյանի խոսքով՝ իր օրինագիծը ոչ թե հարուստների համար է, այլ հարուստների դեմ․
«Որովհետև այսօր հարուստների հարուստները, որոնք բանակի տարեկան զորակոչի 30 %–ն են կազմում, հրաժարվում են քաղաքացիությունից` բանակում չծառայելով։ Նրանք բանակում չեն ծառայում և հետագայում չեն կանչվում 25-օրյա վարժական հավաքների, նաև այլ կարիքների համար չեն ներգրավվում»։
Սոցիալական անարդարության տեսանկյունից Սարգսյանը մեկ այլ մտահոգիչ վիճակագրություն է ներկայացնում։ Ըստ դրա՝ մարզերից երիտասարդներն ավելի շատ են մեկնում զինվորական ծառայության, քան մայրաքաղաքից․
«Երևանում` 2-րդ զինվորական կոմիսարիատում, տարին չնշեմ, վերջին տարիների ընթացքում ունեցել ենք զորակոչ, երբ բանակ է զորակոչվել զորակոչի ենթականների ընդամենը 10 %–ը, մինչդեռ մարզերում ծառայության է զորակոչվում զորակոչի ենթականների 50 %–ը։ Այսինքն` ամեն 1․000–ից Երևանում ծառայության է գնում 100–ը, մարզերում ամեն 1․000–ից ծառայության է գնում 500–ը։ Այսինքն պաշտպանության բեռն ամբողջությամբ դրված է մարզերի վրա»։
2023-2026 թթ․ զորակոչվածների թիվը 2022-ի համեմատ աճել է շուրջ 25 %-ով՝ ասում է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը․
«2023-ից 2026-ն ընկած ժամանակահատվածում մեր զորակոչվածների թիվը 2022–ի զորակոչի համեմատ աճել է շուրջ 25 %-ով։ Այսինքն՝ եթե շարունակենք նույն տեմպով և բարելավենք իրավակարգավորումները, ապա պատգամավորի կողմից ներկայացվող մտահոգիչ պատկերը չենք ունենա»։

Հանձնաժողովի անդամներից միայն Հայկ Սարգսյանը կողմ քվեարկեց նախագծին։ Պաշտպանության և անվտանգության հանձաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ չէր կարող կողմ քվեարկել․
«Դուք հիմա պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ եք խոսում, որը բնականաբար պետք է դեմ լիներ փողով բանակից ազատվելուն»։
Հայկ Սարգսյանը, շարունակելով հեռակա բանավեճը, հիշեցրեց՝ Անդրանիկ Քոչարյանը սկզբում կողմ էր նախագծին․
«Ասում եմ` պարոն Քոչարյան, մենք իրար պայմանավորվել ենք, վարչապետի ներկայությամբ ներկայացրել եմ։ Միայն վարչապետի չէ, երկու փոխվարչապետ, աշխատակազմի ղեկավար, ԳՇ պետ, ԱԱԾ տնօրեն, Քննչական կոմիտեի ղեկավար, գլխավոր դատախազ, մի քանի նախարարներ ու փոխնախարարներ էդքան մարդու ներկայությամբ նախագիծը ներկայացրել եմ դեռևս 2024 թ.–ին։ Այնտեղ նստած ես եղել, դեմ կարծիք չես արտահայտել»։
Նախագծին բացասական եզրակացություն է տվել նաև ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչությունը։