«The Cat Concerto»․ Լիստի «Հունգարական ռապսոդիա»-ն բեկումնային էր չինացի երաժշտի կյանքում

Քրիստինե Վարդիկյան՝
«Ռադիոլուրի» համար

Ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված գալա համերգը, որի հատուկ հյուրն է աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։ Կատարողական արվեստի օլիմպը նվաճած չինացի երաժիշտը հաճախ է կատակում, թե իր անունը հեշտ է հիշել և հենց դա է նպաստել նրա համաշխարհային ճանաչմանը։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա նրա անունը խորհրդանշում է լույս և պայծառություն, ինչը երաժտական աշխարհի քննադատները համահունչ են որակում (ներդաշնակ են համարում) նրա բեմական կերպարին և էներգիային, որը Լանգ Լանգը փոխանցում է հանդիսատեսին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ սպասվող համերգը ևս մեկ կարևոր քայլ է նախարարության մշակութային քաղաքականության իրականացման և միջազգային բարձրակարգ արվեստագետների մասնակցությամբ համերգային կյանքի ակտիվացման ուղղությամբ: Համերգի կազմակերպման նպատակով Կառավարությունը 106 մլն դրամ է հատկացրել:

Աշխարհահռչակ չինացի դաշնակահար Լանգ Լանգի երաժշտական ուղին սկսվել է վաղ մանկությունից։ Երկու տարեկան էր, երբ հանրահայտ «Թոմն ու Ջերին» մուլտսերիալից «Կատվի կոնցերտը» կոչվող անիմացիոն ֆիլմը դիտելիս լսում է կատվի` Թոմի կատարմամբ համաշխարհային գլուխգործոցներից մեկը։ Հետագայում Լանգը, հարցազրույցներում հաճախ է անկեղծանում, որ Ֆերենց Լիստի «Հունգարական ռապսոդիան» է դարձել նրա առաջին «հանդիպումը» արևմտյան երաժշտության հետ։ Լանգ Լանգը երեք տարեկանում սկսել է դաշնամուր նվագել, իսկ հինգ տարեկանում հաղթել է իր առաջին մրցույթում և հանդես եկել մենահամերգով՝ ազդարարելով ապագա մեծ կարիերայի սկիզբը։

 «Երբ ես երեխա էի, մարդիկ ինձ երբեմն հրաշամանուկ էին անվանում։ Հիմա ես 44 տարեկան եմ։ Երբեմն «հրաշամանուկը» մնում է երեխա, բայց տաղանդը, որ կոչվում է հրաշք` անհետանում է։ Ուստի կարևորն այն է, որ պահպանես տաղանդդ և թույլ տաս երեխային հեռանալ։ Տաղանդի զարգացումը կամային մեծ որակներ է պահանջում։ Ինձ համար վերափոխումը` տրանսֆորմացիան, երաժշտական կատարման կարևորագույն տարրն է։ Ես միշտ փորձում եմ սիրտս և հոգիս տեղափոխել ինչ-որ տեղ` ինձ հետ տանելով նաև հանդիսատեսին»,- հարցազրույցներից մեկում նշել է երաժիշտ կատարողը։

Համաշխարհային հռչակ վայելող երաժիշտ կատարողի հաջողության պատմությունը միայն տաղանդավոր լինելու մեջ չէ։ Դա նաև պայքարի, ճնշումների և երբեմն ճակատագրական դրվագներով մի պատմություն է։ Լանգ Լանգի կարիերայի ընթացքում եղել են դժվար փուլեր, սակայն հենց այդ փորձություններն են կոփել ապագա մեծ արտիստին։

Լանգի հայրը, որ նախկինում ոստիկան էր և տաղանդավոր երաժիշտ, նվագում էր չինական ազգային նվագարաններից «էրհու» կոչվող գործիքը, վճռել էր որդուն դարձնել «աշխարհի թիվ 1» դաշնակահարը։ Դա նրան, իհարկե, հաջողվեց: Այդ նպատակի իրագործման համար Լանգ Լանգը ստիպված էր պարապել առավոտյան ժամը 5-ից՝ դպրոցից առաջ, դասամիջոցներին և դպրոցից հետո՝ մինչև ուշ գիշեր: Հետագայում Լանգի հայրը որդու հետ, արդեն որպես երաժիշտ, հանդես կգա նույն բեմում։

Այսօր արդեն մեծ հռչակ վայելող Լանգը ժպիտով է հիշում կյանքի ամենածանր և ճակատագրական դրվագը։ 9 տարեկան էր, երբ Պեկինի նրա դաշնամուրի ուսուցչուհին հեռացնում է պատանուն դասերից` ասելով, թե տղան տաղանդ չունի: Լանգի հոր համար սա մեծ հարված էր, իսկ հրաշամանուկի համար այդ օրերի ապրումները պատճառ են դառնում շաբաթներով դաշնամուրին չմոտենալու համար։

Սակայն ավելի ուշ, Աստծո նախախնամությամբ, հենց ամենակարող երաժշտության հոգեպարար ձայներն են խաղաղեցնում Լանգ Լանգի հոգին և հաշտեցնում դաշնամուրային կատարողական արվեստի հրաշամանուկին համաշխարհային դասական երաժշտության հետ։

Մի համերգ, մի հնարավորություն, մի պահ և աշխարհը ճանաչեց նոր անուն։ Լանգ Լանգի համար համաշխարհային ճանաչման շրջադարձային պահը 1999 թվականի օգոստոսն էր։  Այդ դիպվածը հայտնի է որպես «Դարի համերգ», որը տեղի է ունեցել Իլինոյսի Ռավինիա փառատոնի շրջանակներում։ Հանրահայտ դաշնակահար Անդրե Ուոթսը առողջական խնդիրների պատճառով վերջին պահին չի կարողացել ելույթ ունենալ։ Նրան փոխարինելու են հրավիրել 17-ամյա Լանգ Լանգին։ Դիրիժոր Քրիստոֆ Էշենբախի ղեկավարությամբ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Չայկովսկու Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը կատարելուց հետո  հանդիսատեսն ու քննադատները հիացած էին Լանգի վիրտուոզությամբ և էներգիայով։ Տպավորիչ ելույթը նրան դարձրեց «մեկ գիշերվա ընթացքում ծնված աստղի», ինչից հետո Լանգին սկսեցին հրավիրել աշխարհի լավագույն համերգասրահներ։

Այսօր, տարիներ անց, նույն այդ փոքրիկ տղան վերածվել է համաշխարհային հռչակ վայելող արվեստագետի, որի յուրաքանչյուր ելույթ վերածվում է երաժշտական հրավառության։

Եվ շուտով այդ իրադարձությունը տեղի կունենա նաև Հայաստանի սրտում։ Լանգ Լանգը առաջին անգամ հանդես կգա Երևանում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակին նվիրված հոբելյանական համերգի շրջանակում։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան.

 «Լանգ Լանգը մեծագույն երաժիշտներից է… 20-ամյակը նման արտիստով նշանավորելն արդեն իրադարձություն է… մենք հրավիրեցինք նրան գալ Հայաստան, և նա համաձայնեց… հիմա արդեն միլիոնավոր մարդիկ չինական սոցցանցերում գիտեն, որ Լանգ Լանգը գալիս է Հայաստան…»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացուցիչների խոսքով՝ հոբելյանական ծրագիրը ներառում է ոչ միայն մեկ համերգ, այլև մի շարք նոր նախագծեր և համագործակցություններ, որոնք դեռ քննարկման փուլում են։ Սակայն հենց Լանգ Լանգի մասնակցությունն է, որ ծրագրին հաղորդում է միջազգային լայն հնչեղություն։

Համերգի կազմակերպիչների գնահատմամբ՝ չինացի դաշնակահարի այցը կարևոր է ոչ միայն երաժշտական, այլև մշակութային կապերի ընդլայնման տեսանկյունից։ Նրա մասնակցությունը կնպաստի Հայաստանի մշակութային միջազգային հանրահռչակման աճին։ Լանգ Լանգի երևանյան համերգը համարվում է տարվա ամենասպասված երաժշտական իրադարձություններից մեկը։

Leave a Comment