Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում․ ինչպե՞ս են մեկնաբանվում ՌԴ-ից հնչող հայտարարությունները Հայաստանում

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի վերջին հանդիպումից հետո հայ–ռուսական հարաբերությունների օրակարգին ռուսական կողմը, ըստ էության, նոր թեմաներ ավելացրեց, որոնք ակտիվ քննարկումների և մեկնաբանությունների առիթ դարձան։ Մոսկվայից հնչած որոշ հայտարարություններ Հայաստանում տարբեր կերպ են ընկալվել։ Մի կողմից՝ դրանք բնութագրվում են որպես սպառնալիք, մյուս կողմից՝ զգուշացում։ Փաշինյան–Պուտին հանդիպումից հետո ՌԴ փոխվարչապետի և Կրեմլի խոսնակի մակարդակով ներկայացվել էին էներգետիկ և տնտեսական այն վտանգները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի համար, եթե Երևանը որոշի գնալ դեպի ԵՄ։

Հայաստանը դեռ չի դիմել Եվրոպական միությանը անդամակցելու հարցով, բայց Ռուսաստանը արդեն հաշվարկված սպառնալիքների կամ զգուշացումների առաջին ուղերձը հղեց։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բավական թափանցիկ խոսել են այն մասին, թե ինչ կարող է պատահել Հայաստանին դեպի ԵՄ ճանապարհին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար, օրինակ, խիստ մտահոգիչ էին էներգետիկ ոլորտին առնչվող զգուշացումները՝ գազի արտոնյալ սակագնի վերանայման հնարավորության և ատոմակայանի ապագայի հետ կապված հարցերը։ Մարուքյանն առհասարակ համոզված է, որ ռուսական կողմը փոխել է իր մարտավարությունը և նախընտրել է ուղիղ, բաց տեքստով շփվել Հայաստանի քաղաքացիների հետ․

«Հստակ մեզ տրվել է ուղերձ, որ մենք գնում ենք ամենաէժան գազը սահմանի վրա 1000 խորանարդ գազի համար վճարում ենք 177.7 $։ Ես ձեզ ասեմ 340 $–ի կարգի է տուն հասնում գազը։ Սա նշանակում է, որ մինչև գազը հասնում է տուն, բազմաթիվ հանգամանքներ կան, որ գազի գինը թանկանում է։ Հիմա ասում են` դուք որ գնում եք դեպի Եվրոպա, այդ պրոցեսը միայն կարող է բերել նրան, որ մեր գազը կարող է դառնալ 600 $, լավ թող դառնա 400 $։ Դա նշանակում է, որ Հայաստանում բոլոր արտադրությունները, ինչը որ արտադրվում է, այդ թվում՝ էներգիան, այդ ամենը կարող է անգամներ թանկանալ։ Դա նշանակում է՝ ցանկացած բան, որ հիմա մրցակցային է, որևէ բան, որ արտադրում ենք և մրցակցում ենք, կարող է դառնալ անմրցակցային»։

Մյուս վտանգավոր զգուշացումը Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի

ծավալուն հոդվածում էր, որտեղ նա զգոշացնում է հետևյալը․ եթե Հայաստանը ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցելու որոշում չկայացնի, ապա 2031 կամ 2036 թվականներին արդեն հայ ժողովուրդը չի ունենալու հայկական ատոմակայան, իսկ դա բերելու է էներգառեսուրսների պակասի։

Այս բացասական սցենարը իրատեսական չի համարում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա կարծում է, որ Հայաստանի համար գազի սակագինը չի փոխվի և հորդորում է չթերագնահատել Հայաստանի կարևորությունը և ներկայությունը ԵԱՏՄ և ՀԱՊԿ կազմում։

«Իսկ եթե պետք է Հայաստանը չստանա այդ օգուտները, ապա այդ պարագայում ինչու՞ պետք է մնա այդ միության մեջ։ Սա մեկ։ Իսկ ի՞նչ էր եղել Հայաստանի հետ մինչև ԵԱՏՄ–ն։  Ոչ մի բան։ Հիշեցնեմ, որ 2013-2016 թթ.–ին տնտեսական աճ եղել է 1–2 %։ Դրական զարգացումներ բացարձակապես, իմ կարծիքով, կապ չունեն ԵԱՏՄ հետ, կապ ունեն մեր տնտեսության զարգացումների հետ։ Ընդհանրապես, օրինակ, ո՞նց է Վրաստանը աշխատում Ռուսաստանի հետ, ինչպե՞ս է Ուզբեկստանը աշխատում Ռուսաստանի հետ, ինչպե՞ս է Ադրբեջանը աշխատում ՌԴ հետ։ ԵԱՏՄ անդամ երկրներ չեն, չէ՞։ Ի վերջո, Հայաստանը ԵԱՏՄ–ին շատ բան է տալիս, այդ թվում Հայաստանի տարածքով շատ ապրանքներ են գնում ԵԱՏՄ տարածք, որոնք ԵԱՏՄ երկրներին պետք են։ Ես շատ լավ գիտեմ` մենք ինչ կարևորություն ունենք, և այդ կարևորությունը հաստատ գազի գնից, իմ կարծիքով, ավելի թանկ արժէ։ Ընդհանրապես, այս աշխարհում ոչ մի բան անվճար չէ, այդ թվում՝ գազի գինը և գազի գինը, որ Հայաստանում 185 դոլար է։ Դա մեր գեղեցիկ աչքերի համար չէ»։  

Այս վստահության կողքին, սակայն, ՌԴ փոխվարչապետի մեկ այլ զգուշացում կա, համաձայն որի, ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա։ Օվերչուկը սա հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանն այսօր օդային կապ չունի ԵՄ անդամ երկրների հետ, ուստի նույնը կպատահի նաև Հայաստանին, եթե միանա ԵՄ-ին։ Մեջբերում օվերչուկի խոսքից․

«Սա կարող է շատ կոպիտ հնչել, բայց մենք ուզում ենք, որ Հայաստանում ապրող մարդիկ հասկանան, որ եթե դա տեղի ունենա, թռիչքներ չեն լինի, քանի որ որոշումներ են կայացվել Եվրամիությանը մերձենալու համար»։

Ռուս պաշտոնյաները, սակայն, հավելում են, որ իրավիճակը դեռ ծայրաստիճան կտրուկ չէ։ Հայկական կողմը ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի մտահոգություններին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ քանիցս հայտարարել է, որ Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը միաժամանակ անդամակցելու անհնարինությունը։

Այդ միտքը արտահայտել էր նաև Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, երբ խոսում էր ընտրություն կատարելու պահի մասին։ Հայաստանում կարծում են, որ այդ պահը դեռ չի եկել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան․

«Նման խոսակցությունները նոր չեն՝ ապրանքների հետ կապված, գազի գնի հետ կապված տարիներ շարունակ եղել են։ Պետք է ասեմ, որ այդ պարագայում, եթե նրանք նման որոշում կկայացնեն, ՀՀ–ն իր որոշումը կկայացնի և դուրս կգա վերջնականապես թե՛ ՀԱՊԿ–ից, թե՛ ԵԱՏՄ–ից և մնացած կառույցներից։ Բայց չեմ կարծում, որ դրան կհասնի հարցը, որովհետև ես գիտեմ նաև, որ շատ լավ զրույց է տեղի ունեցել երկու երկրի ղեկավարների միջև` շատ աշխատանքային, շատ արդյունավետ։ Ես վերահաստատում եմ` մենք ՌԴ դեմ որևիցե բան չենք անելու, չենք արել ու չենք պատրաստվում անել, բայց միևնույն ժամանակ մենք պաշտպանել ենք ու պաշտպանելու ենք ՀՀ շահերը»։

ԱՊՀ–ում, ԵԱՏՄ–ում և ՀԱՊԿ–ում Հայաստանի մնալ–չմնալու հարցում մի նրբություն կա, որի մասին շատ քիչ է խոսվել, ասում է վերլուծաբան Արեգ Քոչինյանը․

«Ռուսաստանը չունի գործիք մեզ այդ կառույցներից հանելու, որովհետև այդ կառույցներից մի պետության կամքով մյուս պետությանը հնարավոր չի դուրս հանել։ Իսկ մենք ունենք բոլոր գործիքները այդ կառույցների գործունեությունը տորպեդահարելու և անգործունյա սարքելու։ Մենք կարող ենք այնպես անել, որ ԵԱՏՄ–ում, ՀԱՊԿ–ում, ԱՊՀ–ում ոչ մի որոշում չկայացվի, ընդհանրապես էդ կառույցները անաշխատունակ դառնան։ Այն անհամաչափ պատասխանի կամ ոչ համաչափ պատասխանի տրամաբանության մեջ, եթե մեր առջև այդպիսի որոշում է դրվում, որ այ հիմա կայացրեք այդ որոշումը, մենք ոչ միայն այդ որոշումը չենք կայացնի, մենք ընդհանրապես որևէ որոշում չենք կայացնի և համապասխանաբար ՀԱՊԿ–ն ու ԵԱՏՄ–ն էլ որևէ որոշում չեն կայացնի։ Ու՞մ է դա ձեռք տալու։ Ոչ մեկին և առաջին հերթին ձեռք չի տալու Ռուսաստանին»։   

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ որոշում կայացնելու պահը դեռ շատ հեռու է․ «Բոլորս գիտենք, որ անհամատեղելի են ԵՄ ու ԵԱՏՄ խաղի կանոնները։ Ինչո՞ւ են անընդհատ կրկնում։ Ավելին` Հայաստանը նույնիսկ ԵՄ–ին չի դիմել անդամակցության համար, որ ասեն՝ դիմեց Հայաստանը ի պաշտոնե, ԵՄ–ն ինչ–որ ժամանակացույց կնշի ու, ասենք՝ 10–15 տարի հետո խնդիր կառաջանա։ Ուրեմն իզուր են այս ձևի խոսքեր ասում պաշտոնյաները։ Բացի դրանից, մեծ գաղտնիք չէ ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքից, հարկերից, տուրքերից հավաքած, ԵԱՏՄ կենտրոն ուղարկված գումարից Հայաստանը շատ ու շատ ավելի փոքր մաս է հետ ստանում։ Դա էլ մեծ գաղտնիք չէ, ուրեմն ի՞նչ են հեքիաթ պատմում»։

Տնտեսական որոշ խստացումներ, սակայն, Ռուսաստանն արդեն արել է։ Այդ երկրի գյուղատնտեսական հսկողության ղեկավարը հայտարարել է, որ ՀՀ–ից ՌԴ արտահանվող կենդանական ծագման և գյուղատնտեսական արտադրանքին վերաբերող խնդիրները, որոնք առաջացել են մի քանի տարի առաջ, դեռ մնում են։ «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտն ասել է, որ Հայաստանից ներմուծվող ապրանքի տեսականին և ծավալը հիմք են տալիս ենթադրելու, որ այն հայկական ծագում չունի։ Նաև ընդգծել է, որ ապրանքի աննախադեպ ավելացումը պայմանավորված է ԵԱՏՄ շուկաների դյուրացրած մուտքի կարգով։

Դանկվերտը օրինակ է բերել ծաղիկների մատակարարումը, որը 36 միլիոնից հասել է ավելի քան 100 մլն միավորի։ Կենդանական ծագման արտադրանքի մատակարարման խնդիրների մասին խոսելիս ռուս պաշտոնյան նշել է, որ այդ ապրանքի մի մասը, նույնպես հնարավոր է, որ հայկական ծագում չունի: Խոսքը կարագի, պանրի, իշխան ձկան մասին է։ Դանկվերտը ասել է նաև, որ հայկական ապրանքների  մեջ ավելի քան 900 կարանտինային օբյեկտ է հայտնաբերվել, իսկ դա լրացուցիչ ախտահանում է պահանջում։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ Հայաստանից ներմուծվող ապրանքի նկատմամբ Ռուսաստանը ավելի խիստ պահանջներ է ներկայացնում։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի զգուշացումներին։ Նկարագրված հեռանկարից մտահոգներին նա հշեցրել է 2006 թվականը, երբ ռուսական կողմը գազը թանկացրեց, և «սուբսիդավորման» անվան տակ գնի տարբերությունը՝ 188 մլն դոլար, Հայաստանը վճարեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը և Իրան-Հայաստան գազամուղը «Գազպրոմին» զիջելով: 3 տարվա էժան գազի դիմաց: Ապա՝ հիշեցրել է 2013-ը, երբ տարեվերջին հանկարծ պարզվեց, որ ռուսական կողմը 2 տարի առաջ կրկին թանկացրել էր գազը, իսկ Հայաստանի բնակիչներին այդ մասին չէին ասել։ Կուտակվել էր 300 մլն դոլարի պարտք, ինչի դիմաց Հայաստանը հրաժարվեց «ՀայՌուսգազարդի» իր 20% բաժնեմասից:

Հիմա այլևս զիջելու բան չկա, առավել ևս՝ ինքնիշխանությունը, գրել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը լավ գիտի բոլոր տնտեսական ու էներգետիկ ռիսկերը։

Leave a Comment