24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով 15 նավ է անցել — Հայաստանի Հանրային Ռադիո

Իրանի «Ֆարս» լրատվական գործակալությունը, որը համարվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող լրատվամիջոց, հայտնել է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով Իրանի թույլտվությամբ անցել է 15 նավ, գրում է BBC-ին։

Գործակալության տվյալներով՝ նեղուցով երթևեկությունը կրճատվել է շուրջ 90%-ով։ Իրանի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ արտգործնախարար Աբբաս Արաղչի, բազմիցս հայտարարել են, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս ծովային ուղին ամբողջությամբ փակ չէ։

Նրանց խոսքով՝ սահմանափակումները վերաբերում են միայն «թշնամական երկրների» նավերին։ Միևնույն ժամանակ, Թեհրանը հայտարարել է, որ որոշ երկրներ, մասնավորապես Իրաքը, ազատված են սահմանված սահմանափակումներից, հայտնել է Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակը։

Բացի այդ, իրանցի պաշտոնյաներն ու օրենսդիրները քննարկում են Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար տարանցիկ վճարների սահմանման հնարավորությունը։

Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ նեղուցը կարող է «ամբողջությամբ վերաբացվել», եթե այդ վճարներից ստացված միջոցների մի մասն ուղղվի պատերազմի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը։

Leave a Comment