2026 թվականի մարտի 30-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել քրեական գործ, ըստ որի՝ մի քանի անձանց մասնակցությամբ իրականացվել է հանցավոր սխեմա, որի առանցքում Ա․Մ․-ն է։ Գործը վերաբերում է շորթման և դրանից ստացված միջոցների օրինականացման (փողերի լվացման) կազմակերպված գործողություններին։ Գործը մակագրվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանին։ Գործը քննվել է քննչական կոմիտեւոմ, գործը ստացվել է Գլխավոր դատախազությունից։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով շորթմամբ օգտագործելով՝ 2013-2018 թվականների ընթացքում Ս․Ա․-ից պահանջել, ապա ստացել է առանձնապես խոշոր չափերով դրամ և գույք, իսկ այդ գույքերի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակը, տեղաշարժը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ և այլ անձանց օգտագործելով՝ նրանց անվամբ գրանցելու եղանակով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 83.975.000 ՀՀ դրամի գույքը:
Ա․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Ա․Մ․-ի հետ նախնական համաձայնությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 29.698.000 ՀՀ դրամի փողերի լվացում, այն է՝ Ա․Մ․-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինական քաղաքացիական շրջանառության մեջ ներդնելու միջոցով դրանց տվել է օրինական տեսք՝ թաքցնելով գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը, խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի տեղաշարժը և այդ կերպ օժանդակել, որպեսզի վերջինս խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից:
Վ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քրոջ ամուսնու՝ Ա․Մ․-ի հետ նախնական համաձայնությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 28.940.000 ՀՀ դրամի փողերի լվացում, այն է՝ Ա․Մ․-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինական քաղաքացիական շրջանառության մեջ ներդնելու միջոցով դրանց տվել է օրինական տեսք՝ թաքցնելով գույքի հանցավոր ծագումը, իրական բնույթը, խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի տեղաշարժը և այդ կերպ օժանդակել, որպեսզի վերջինս խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից:
Ա․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 3 հոդվածով՝ 311.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ մասի 3-րդ հոդվածի 3-րդ կետով։
Ա․Ա․-ին և Վ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Կիրառված խափանման միջոցը, գործի հետագա ընթացքը
Ա․Մ․-ի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն, ինչպես նաև համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ, բացակայելու արգելք։
Ա․Ա․-ի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, ինչպես նաև համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ։
Վ․Ա․-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք։
Գործը գտնվում է նախապատրաստական փուլում: Գործը վարույթ ընդունելու և դատական նիստեր նշանակելու որոշման մասին տեղեկություններ Դատալեքս համակարգում դեռևս առկա չեն։