Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ․ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ ուղերձ է հղել։

«Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր կյանքի առանցքային խորհրդանիշներից՝ նորոգման, հավատքի վերահաստատման և ապագայի հանդեպ վստահության աղբյուր։ Այս օրն առանձնահատուկ առիթ է վերաիմաստավորելու մեր անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները և պատասխանատվությամբ նայելու առաջիկա քայլերին։

Զատիկը միավորում է մեզ ընտանիքների շուրջ՝ ամրացնելով մարդկային կապերը, փոխադարձ հոգատարությունն ու ներքին համերաշխությունը։ Տոնի խորհուրդը հիշեցնում է, որ հասարակության ամրությունը սկսվում է յուրաքանչյուր ընտանիքից, յուրաքանչյուր անհատի արժեհամակարգից և համատեղ ապրելու մշակույթից։

Այս օրերին առավել խորությամբ ենք գիտակցում նաև ազգային միասնության և համախմբման կարևորությունը։ Համերաշխությունն ու փոխվստահությունը մեր պետականության ամրության հիմնասյուներից են, և միայն միասնական ջանքերով կարող ենք դիմակայել մարտահրավերներին ու ձևավորել կայուն ու անվտանգ ապագա։

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ և ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն ու արժանապատիվ զարգացում։

Թող Սուրբ Զատիկը յուրաքանչյուրի տուն բերի հանգստություն, ջերմություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,-նշվում է ուղերձում։

Leave a Comment