Ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին՝ Նորամարգի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Ալեքսանդր Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 50-ամյա Կարեն Մ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը և կոտրել այն։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից Ալեքսանդր Բ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes»-ի գազի բալոնի փականը։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։