ՀՀԿ 18-րդ համաժողով․ Սերժ Սարգսյանը սահմանեց քաղաքական առաջնահերթությունները

ՀՀԿ 18-րդ համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով իր գնահատականները երկրի ներքաղաքական իրավիճակի, անվտանգության մարտահրավերների և պետականության հարցերի վերաբերյալ։

Նա ընդգծել է, որ Հայաստանը չպետք է վերածվի «ո՛չ հաճախորդ պետության, ո՛չ մակաբույծ պետության, ո՛չ էլ էթնոգրաֆիկ թանգարանի»՝ շեշտելով ինքնիշխանության պահպանման կարևորությունը։

Անդրադառնալով քաղաքական գործընթացներին՝ նա հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը մինչև ընտրությունները կկենտրոնանա քաղաքացիների մասնակցությունը խթանելու վրա։

Կուսակցությունը նախատեսում է իրականացնել քարոզչական արշավներ, հանդիպումներ և տարբեր նախաձեռնություններ՝ քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու կոչով։

Սարգսյանը նշել է, որ իրենց համար առաջնահերթ է իշխանափոխությունը, այլ ոչ թե խորհրդարանում սահմանափակ ներկայացվածություն ունենալը։ Նա վստահեցրել է, որ նույնիսկ ընտրություններին անմիջական մասնակցություն չունենալու պարագայում կուսակցությունը կմնա քաղաքական պայքարի ակտիվ դերակատար։

Ելույթում նա անդրադարձել է նաև իշխանությունների գործունեությանը՝ պնդելով, որ պատերազմից հետո երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ և շարունակվում են անվտանգային սպառնալիքները։

Նա շեշտել է, որ իրենց քաղաքական պայքարը պետք է հիմնված լինի ոչ թե անձնական շահերի, այլ ազգային նպատակների վրա՝ նշելով, որ կուսակցությունը գործելու է «կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» սկզբունքով։

Leave a Comment