
Քննչական կոմիտեն հրաժարվում է մեկնաբանել այն տեղեկատվությունը, որ աշխատանքից ազատվել են Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի պատճառով քրեական հետապնդման ենթարկվող Դավիթ և Միքայել Մինասյանների գործող քննող քննչական խմբի ղեկավարն ու քննիչը։ 24News-ի հարցին ի պատասխան ՔԿ-ից ասացին, որ տվյալ որոշումը մեկնաբանման ենթակա չէ։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն դպրոցական Դավիթ և Միքայել Մինասյանների գործով քննիչը հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին է, որը նաև ներկա էր նրանց տանը տեղի ունեցած մի քանի խուզարկությանը։
Հիշեցնենք, որ անցյալ կիրակի Սուրբ Աննայում Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով քրեական ոստիկանները ոստիկանապետ Կամո Ցուցուլյանի անմիջական ղեկավարությամբ հենց Ծաղկազարդի օրհնության կարգի ժամանակ բիրտ ուժ կիրառելով ձերբակալեցին 18-ամյա Դավիթ և Միքայել Մինասյաններին, որոնք դեռ դպրոցական են՝ սովորում են 12-րդ դասարանում։ Ավելի ուշ մի եղբայրը՝ Միքայելը, գրավի դիմաց ազատ արձակվեց, իսկ Դավիթին դատավոր Մնացական Մարտիրոսյանը կալանավորեց երկու ամսով։ Բազմաթիվ առողջական խնդիրներ ունեցող Դավիթին սկզբից տարան «Արմավիր» ՔԿՀ, հետո՝ «Աբովյան» ՔԿՀ, որպեսզի կարողանա ավարտական քննություններ հանձնել։ Այնտեղ արդեն նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ, որից հետո ստիպված տեղափոխեցին «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղի վերակենդանացման բաժանմունքում էլ պատանին գտնվում է։