Քաղաքական ուժերի նախընտրական քայլերը՝ իրավապահների «խոշորացույցի» տակ

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իրավապահ համակարգը մեծացրել է ուշադրությունը ընտրական հանցագործությունների նկատմամբ։ Հակակոռուպցիոն ու Քննչական կոմիտեներն արդեն մի քանի հաղորդագրություններ են տարածել, որոնցում  ընտրական գործընթացին առնչվող տարբեր բացահայտումներ կան։ Վարչապետը կարծում է, որ դրանցով «ընտրակաշառքի ցանց» է ուրվագծում, պաշտպանական կողմը հակադարձում է՝  նախընտրական աշխատանքն ընտրական հանցագործությունների վերածելու փորձ է արվում։

«Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավարը նյութապես շահագրգռել է Հովքի նախկին վարչական ղեկավարին, որ վերջինս մասնակցի «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դատական նիստերին և այլ ակցիաներին։

Քննչական կոմիտեն տարածած հաղորդագրությամբ պնդում է՝ 2026 թվականի հունվարին Հովք բնակավայրի նախկին վարչական ղեկավարը սոցցանցի միջոցով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանության» ՀԿ-ում գրանցվել է որպես ծրագրերի իրականացման մասնագետ, որից հետո վերջինիս ուղղորդել են գնալ և ներկայանալ ՀԿ-ի՝ Դիլիջան համայնքի գրասենյակի ղեկավարին հետագա գործողություններին ծանոթանալու համար:

Ըստ իրավապահների` Հովքի նախկին ղեկավարը 2026-ի հունվարին հանդիպել է Դիլիջանում գործող ՀԿ-ի ղեկավարին ու տեղեկացել, որ պետք է մասնակցի նախկինում «Մեր ձևով» շարժման, հիմա արդեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած ակցիաներին և Սամվել Կարապետյանի դատական նիստերին։ Այնուհետև նրա անունով բացված բանկային քարտին փետրվարի 11-ին փոխանցվել է 204 հազար դրամ, իսկ մարտի 10-ին՝ 300 հազար դրամ։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Լ.Վ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը: Ապրիլի 2-ին Լ.Վ.-ն ձերբակալվել է»։

Վերջին շրջանում իրավապահներն ավելի հաճախ են ընտրական գործընթացներին կամ դրանց մասնակցելու հայտ ներկայացրած ուժերին առնչվող հաղորդագրություններ տարածում։

Մի քանի օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն էր հայտարարել, որ ընտրակաշառքի դեպք է բացահայտել։ Ըստ իրավապահների՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում գրասենյակ է բացել, գրանցել ձևական աշխատակիցների և նրանց հանձնարարել հավաքագրել մարդկանց, որոնք ընտրություններին կքվեարկեն Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցության օգտին։ Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, թե ընտրակաշառքի փաստը քողարկելու համար այդ անձանց տրամադրվող գումարը ձևակերպվել է որպես աշխատավարձ:

Մինչդեռ գործով զբաղվող փաստաբան Վահան Հովհաննիսյանը  այլ պնդում է անում՝ «Մեր ձևով» շարժման աշխատողներն ընտրակաշառքի հետ կապ չունեն, աշխատել են այդ գրասենյակում և ստացել աշխատավարձ։

«Ռադիոլուրի» հետ զրույցում փաստաբանը հիշեցնում է՝ այս գործով դատարանը մերժել է «Մեր ձևով» շարժման գրասենյակի երեք աշխատակիցներից երկուսի կալանքի միջնորդությունը, իսկ երրորդի դեպքում մեկ ամսվա կալանք է սահմանվել, թեև քննիչները  երկու ամսվա կալանք են առաջարկել։

«Դատարանը գտել է, որ ձեռք բերված բոլոր նյութերն ու ապացույցները, այդ թվում՝ ձայնագրությունները, գաղտնալսման արդյունքները, չեն փաստում ընտրակաշառքի դեպքի մասին։ Երկու իրավաչափ գործողության մասին կարող ենք խոսել մեկը, որ անձը ներգրավվել է տվյալ ՀԿ-ի աշխատանքներում, որի համար ստացել է 150 հազար դրամ։ Եվ աջորդ հանգամանքն այն է, որ անձը նշել է, որ 180 անձ, ըստ գաղտնալսման տրամաբանության, կարող են ընտրել  համապատասխան ուժին կամ դաշինքին»։

Փաստաբանի գնահատմամբ՝ վարույթ իրականացնող մարմինն այդ երկու փաստական հանգամանքները համադրելով հանգել  է  ոչ իրավաչափ գնահատականի։ Այսինքն՝ եզրահանգել է, որ 150 հազար դրամ աշխատավարձն անձը ստացել է այլ անձանց ձայները գնելու նպատակով։

Փաստաբանը պնդում է, որ 180 անձանց ձայները գնելու կանխավարկածը  փաստական որևէ հանգամանքով չի հիմնավորվում։

«Մեղադրանքների որոշման մեջ, անգամ, ընտրակաշառք բառը չի նշվում»։

Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես են ինչ-որ մարդիկ քննարկում գրանցվելու, աշխատավարձ ստանալ-չստանալու հարցը:

Ըստ պաշտպանական կողմի՝ այս ձայնագրությունն աշխատանքային հարաբերությունների մասին է և կարող է դիտարկվել միայն աշխատանքային իրավունքի խախտման տիրույթում, բայց ոչ ընտրակաշառքի։

 «Ընտրակաշառքը քարտին չեն փոխանցում․ այդպիսի դատական պրակտիկա մենք չունենք»։

Մինչ իրավապահները քննում են գործի մանրամասները, վարչապետը պնդում է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտած սխեմաներում քաղաքացիները դիտարկվում են որպես ապրանք։ Նիկոլ Փաշինյանն այս բացահայտումները «ընտրակաշառքների ցանց» է որակում։

«Նրանց համար մարդը, քաղաքացին ապրանք է, որին կարող են փաթեթավորեն, խրձերով 50, 100, 180 և 200 հազար և դիստրիբյուտորների և մատակարարների միջոցով որոշեն, որ չեն տալիս Սամոյին, տալիս են Ռոբին կամ տալիս են Գագոյին»։

Ուշագրավ է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որի նկատմամբ 2017-ի ընտրակաշառքի գործով մեղադրանք էր առաջադրվել դեռ 2020-ին, վերջերս արդարացվել է։

Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ իրավապահները հրապարակում են ոչ միայն առաջիկա, այլև արդեն կայացած ընտրությունների վերաբերյալ հաղորդագրություններ։ Դրանցից վերջինը Հակակոռուպցիաոն կոմիտեն հրապարակել է ապրիլի 3-ին։ Այն առնչվում է 2025-ի նոյմեբերին Վաղարշապատ համայնքում անցկացված ընտրություններին։ Ըստ կոմիտեի՝ ընտրակաշառք բաժանելու դեպքերի կապակցությամբ  իրականացվող վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 62 անձանց նկատմամբ. նրանց մի մասի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան։

Leave a Comment