Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի եռամսյակային բյուջեն գերակատարված է։ Հարկային եկամուտներն ու տուրքերը երկնիշ աճ են ունեցել։ Արդեն հայտնի է, թե կանխատեսվածից ավելի շատ հավաքված հարկերի գումարի հիմնական մասը ինչպես է ծախսվելու։ Հարկային եկամուտերի ու տուրքերի աճին նպաստել են տնտեսության գրեթե բոլոր ոլորտները՝ հանքարդյունաբերությունից մինչև շինարարարություն, մանրածախ ու մեծածախ առևտուր։
Բայց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով պայմանավորված, համաշխարհային տնտեսության զարգացման դանդաղում է կանխատեսվում։ Հայաստանը ևս անմասն չի մնա։
Շուրջ 13․5 տոկոսով ավելի շատ հարկ ու տուրք՝ այս տարվա առաջին եռասմյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հակոբյանն ասում է՝ այս տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե են մուտքագրվել 643,4 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․
«Եռամսյակում բարձր աճերը պահպանվեցին։ Մոտ 14 %-անոց աճ ունենք անցած տարվա 1-ին եռամսյակի նկատմամբ։ Եթե համեմատում ենք 2 ծրագրերի հետ, բյուջեի սկզբնական ծրագրի համեմատ 33 միլիարդով ավելի են մուտքերը։ Ճշտված ծրագրի համեմատ` մոտ 30 միլիարդով են ավելի շատ, այսինքն` արդյունքը ավելին է, քան սպասվում էր»։
Այս պահին արդեն հստակ է, թե գործադիրում ինչպես են ծախսելու կանխատեսվածից ավելի հավաքված հարկերն ու տուրքերը: Վարչապետն արձանագրում է․
«Պետական բյուջեի 1-ին եռամսյակի եկամուտները պլանավորվածից ավելի են եղել 30 միլիարդ դրամով։ 30 միլիարդից 20 միլիարդ դրամն ուղղվում է թոշակառուների թոշակը բարձրացնելուն»։
Տնտեսությունն առաջանցիկ տեմպով է զարգացել, հենց սրանով էլ պայմանավորված՝ ավելացել են հարկերն ու տուրքերը՝ արձանագրում են փորձագետները։ Ասում են՝ եռամսյակային աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, մանրածախ ու մեծածախ առևտուր, շինարարություն, մշակող արդյունաբերություն և այլն։
Եվրասիական զարգացման բանկի փորձագետները նկատում են՝ առաջին երկու ամսում Հայաստանի տնտեսական ակտիվության շարժիչ ուժերն են ծառայությունների ոլորտն ու շինարարությունը։
Որքան էլ այս պահին Հայաստանի տնտեսական տվյալները հուսադրող են, միևնույնն է՝ աշխարհաքաղաքական իրադարձություններն իրենց ուղղակի ու անուղղակի ազդեցությունն են թողնելու Հայաստանի տնտեսության վրա՝ ընդգծում են փորձագետները։ Սա նաև ԿԲ նախագահն է փաստում։ Մարտին Գասլտյանը կարծում է, որ տարածաշրջանային զարգացումները գնաճի վրա կազդեն 1․2-1․7 տոկոսի շրջանակում։
«Հակամարտությունը, որը այս պահին Միջին Արևելքում է, ավելացնում է ստագնացիոն ռիսկերը, այսինքն՝ մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ՝ գնաճի ավելացման տեսանկյունից։ Սա բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար, որովհետև, եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն ազդելու է Հայաստանի ներսում տնտեսական աճի և տնտեսական զարգացումների վրա»։
ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս խաչիկյանը ընդգծում է՝ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի տնտեսության վրա Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները կունենան իրենց ազդեցությունը։
«Ռիսկեր որոշակի չափով կան, և ռիսկերը պետք է հաշվի առնվեն։ Անկախ նրանից՝ Հայաստանն անմիջապես ինչ չափով կընդգրկվի դրա շրջանակում, միևնույն է, հաղորդակցության ուղիների խնդիրներ կարող են լինել։ Դրանք ակնհայտ են լինելու նաև էներգետիկ ոլորտում։ Հատկապես, նկատի ունեմ վառելիքի շուկան։ Իսկ վառելիքի շուկայում և հաղորդակցության ենթակառուցվածքներում, եթե առաջանան խնդիրներ, դրանք բնականաբար որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի գների մակարդակի ու համախառն ներքին արդյունքի ձևավորման վրա»։
Օրերս հրապարակվեց նաև ԱՄՀ զեկույցը, որտեղ նշվում էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը մշուշոտ է դարձնում այն երկրների տնտեսությունների հեռանկարը, որոնք նախորդ ճգնաժամերից կայուն վերականգնման նշաններ են ցուցաբերել։
«Պատերազմը զգալի տնտեսական խափանումներ է առաջացրել ամենաշատ տուժած երկրներում, այդ թվում՝ վնաս է հասցվել նրանց ենթակառուցվածքներին և արդյունաբերությանը, որը կարող է երկարատև լինել։ Չնայած այս երկրները դիմացկուն են, սա բացասաբար կանդրադառնա նրանց կարճաժամկետ աճի հեռանկարների վրա»,-ասված է զեկույցում։
ԱՄՀ-ն հայտնել է, որ ռազմական գործողությունները կհանգեցնեն գների բարձրացման ու համաշխարհային տնտեսական աճի դանդաղման։ ԱՄՀ-ի վերլուծաբանները նշում են, որ այս իրավիճակում շատ բան կախված կլինի նրանից, թե որքան կտևի հակամարտությունը Մերձավոր Արևելքում։ Սակայն, անկախ դրանից, համաշխարհային ֆինանսական համակարգի զարգացման պայմաններն արդեն զգալի վատթարացել են։ Համաշխարհային տնտեսությունում նկատելի են նաև գնաճային ռիսկերը։
Պատերազմի պատճառով առաջացած էներգետիկ ցնցումը լրացուցիչ 16 միլիարդ դոլար է արժեցել Եվրամիության վրա (վառելիքի ներկրման ծախսերի տեսքով)։ Այս մասին հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենը, փոխանցում է The Wall Street Journal-ը։ Հակամարտության սկզբից ի վեր Եվրամիությունում բնական գազի գինը բարձրացել է մոտ 70%-ով, իսկ նավթինը՝ մոտ 60%-ով։ Չպետք է պատրանքներ ունենանք, թե էներգետիկ շուկայի վրա այս ճգնաժամի հետևանքները կարճ կտևեն»,-նշել է Յորգենսենը։ Թե ինչ ազդեցություն է ունեցել հակամարտությունը Հայաստանի տնտեսության վրա, պարզ կդառնան առաջիկա օրերին, երբ կհրապարակվի գնաճի եռամսյակային հաշվետվությունը։