Ի՞նչ դինամիկա ունի զենքի հետ կապված հանցագործությունների վիճակագրությունը․ ՆԳՆ-ի պատասխանը «Ռադիոլուր»-ին

Հայաստանում զենքի ապօրինի շրջանառության և հրազենի գործադրմամբ հանցագործությունների քանակը վերջին հինգ տարիներին ավելացել է։ Ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալները մտահոգիչ են։ Ինչո՞վ է սա պայմանավորված, ի՞նչ գործոններ են ազդում հանցագործությունների աճին։ Հոգեբաններն ասում են, որ պատերազմներից հետո հասարակությունները կարող են հայտնվել հետտրավմատիկ այնպիսի վիճակում, որոնք կարող են տարբեր դրսևորումներ ունենալ։  

Հայաստանում զենքի ապօրինի շրջանառության վերջին տարիներին նկատվող դինամիկան մտահոգիչ է։ Ըստ վիճակագրության, 2021 թվականից ի վեր զենքի ապօրինի շրջանառությունն աճել է շուրջ 66 %-ով։ Եթե 2021-ին արձանագրվել էր 714 դեպք, ապա 2025-ին այդ թիվը հասել է 1185-ի։

«Ռադիոլուր»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականին ՀՀ-ում արձանագրվել է զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության 714, 2022-ին՝ 887, 2023-ին՝ 1179, 2024-ին՝ 941, իսկ 2025 թվականին՝ 1185 դեպք։

Ուշագրավ է, որ 2024 թվականին զենքի ապօրինի շրջանառության ցուցանիշը նվազել է շուրջ 20 %-ով՝ կազմելով 941 դեպք։ Սակայն անկումը կարճատև է եղել. արդեն 2025 թվականին իրավիճակը կրկին սրվել է։ Գրանցվել է 25.9 % աճ 2024-ի նկատմամբ, գերազանցելով անգամ 2023-ի բարձր ցուցանիշը։

ՆԳՆ-ի պատասխանում կարևորվում է այդ բնույթի հանցագործությունների դեմ պայքարը․

«Զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը ՀՀ ՆԳՆ ոստիկանության առաջնահերթ խնդիրներից է, որն ուղղված է հասարակական կարգի պահպանմանը, զենքի ապօրինի տարածման կանխմանը և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը»։

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2021 թվականից մինչև 2025 թվականը հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվն աճել է մոտ 145.6%-ով: Ընդ որում՝ սրանք պարզապես վերացական թվեր չեն։ Վերջին շրջանում հասարակությունը ականատես է լինում դրանց հետևում թաքնված իրողություններին։

Փետրվարի 18-ին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում հնչած կրակոցներից հետո յոթ մարդ էր տեղափոխվել հիվանդանոց։ Նրանցից մեկը մահացել էր, մյուսների վիճակն Առողջապահության նախարարությունը գնահատել էր ծանր կամ ծայրահեղ ծանր։

Աջափնյակում տեղի ունեցած դեպքից շուրջ մեկ ամիս առաջ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում ասել էր, որ 2025-ին մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 23 %-ով, իսկ զենք-զինամթերքի առգրավումն աճել է 42 %-ով։

«Եթե մենք ունենք նվազումներ, կարևորագույն խումբ հանցագործությունների, դա չի կարող վատ լինել, դա շատ դրական արդյունք է, որը վկայում է, իմ դեպքում գոնե թե, Ներքին գործերի նախարարության համակարգի ավելի արդյունավետ, ես չեմ ասում 100 %-անոց արդյունավետ, ավելի արդյունավետ աշխատանքի մասին 2025 թվականի կտրվածքով»։

Նախարարն ընդունել էր, որ կանխարգելման տեսանկյունից դեռ անելիք կա՝ շեշտելով, որ այս հարցում կարևոր է հասարակության բոլոր շերտերի մասնակցությունը։ Արփինե Սարգսյանը կենցաղային վեճի օրինակ էր բերել։

«Մենք ունենք իրավիճակ, որ խոհանոցային դանակով սպանություն է կատարել, ի՞նչ անենք, խոհանոցային բոլոր դանակները հավաքե՞նք, արգելե՞նք խոհանոցային դանակների օգտագործումը»։

«Ռադիոլուր»-ը զենքի կիրառությամբ հանցագործությունների աճը քննարկել է հոգեբան Անի Ապիտոնյանի հետ։ Նա այս երևութը դիտարկում է հանրային հոգեբանության տեսանկյունից։ Հոգեբանն ասում է, որ պատերազմներից հետո հասարակությունները հաճախ հետտրավմատիկ իրավիճակներում են հայտնվում, որոնք  տարբեր դրսևորումներ կարող են ունենալ։

«Շատ կարևոր է, որպեսզի հասարակությունում նվազեն այն հետևանքները, որոնք բերում է պատերազմը, պետական աջակցություն է պետք հասարակությանը։ Այս դեպքում այս ամեն ինչի նվազում կլինի, բայց եթե դա տեղի չի ունենում, տեղի է ունենում այս ամեն ինչի էսկալացիայի, և բնական է, որ նաև կարող է հանցագործությունների թվի աճ տեղի ունենալ»։

Անի Ապիտոնյանն ասում է նաև, որ հասարակության մեջ կա սոցիալական վերահսկողության թուլացում։ Նա նշում է, որ նախկինում սպանության կամ վիճաբանության դեպքերը տեղի էին ունենում հասարակական վայրերից հեռու, հատուկ ընտրված ամայի տարածքներում։  Իսկ հիմա դրանց անգամ բակերում կարող ես ականատես լինել։

Ներկայացնելով վերջին հինգ տարիների վիճակագրությունը, ՆԳՆ-ից «Ռադիոլուր»-ին հայտնում են, որ իրենց առաջարկով փոփոխություններ են կատարվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում։ Դրանց արդյունքում, օրինակ, խստացվել է զենքով պարգևատրելու կարգը։ Դրան զուգահեռ նախատեսվում է շրջանառությունից հանել որպես պարգև տրված այն զինատեսակները, որոնք  տրամադրվել են օրենքի խախտումներով կամ անհիմն։

Նոր կարգավորումներով վարչական պատասխանատվություն է սահմանվում նաև 16-ից 18 տարեկան անչափահասների համար, եթե նրանց մոտ հայտնաբերվեն սառը զենք հիշեցնող արտաքին ունեցող առարկաներ՝ անկախ դրանց կենցաղային, ուսումնական կամ այլ նշանակությունից։

Leave a Comment