Պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական շրջայցն է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ։
Արագածոտնի մարզում Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի, կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների և կապալառու ընկերությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է Ագարակավանի կրթահամալիրի կառուցման ծրագրի ընթացքը։ Շինարարական աշխատանքների տեմպը և որակը գոհացուցիչ են եղել։ Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է շարունակել ներդնել բոլոր ջանքերը՝ ուսումնական նոր տարվան ընդառաջ ծրագիրն ավարտելու նպատակով։
Հաջորդիվ Կաքավաձորում դիտարկվել է Մեսրոպ Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցի նորոգման, ապա նաև՝ 75 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզի կառուցման ծրագրերի ընթացքը։ Կատարվում են մանկապարտեզի շենքի արտաքին երեսապատման և ներքին հարդարման, տանիքի տեղադրման աշխատանքներ։ Կմեկնարկեն արտաքին բարեկարգման աշխատանքները։ Իսկ Կաքավաձորի դպրոցում զուգահեռաբար ընթանում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքները։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արմեն Զոհրաբյանի և վարչության մասնագետների հետ հետևել է Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ըմբշամարտի մասնաշենքի վերակառուցման աշխատանքներին։ Շինարարի, քոլեջի պատասխանատուների հետ նրանք քննարկել են նախագծային որոշ լուծումների մշակման հնարավորությունը։ Կոմիտեի ղեկավարը հանձնարարել է արագացնել աշխատանքների տեմպը։
Շրջայցը շարունակվել է Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան N 145 հիմնական դպրոցի շինարարական հրապարակում։ Դպրոցի նորոգման աշխատանքների տեմպը և որակը գոհացուցիչ են եղել։ Ակնկալվում է ուսումնական նոր տարվան ընդառաջ ավարտել ծրագիրը։