«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
– «Մեր նախագահը վերջերս դա արեց նրբանկատ ձևով՝ ակնարկելով ոմն ընկեր Վովաևիչին, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և Եվրամիությանն անհամատեղելի է»,– նշել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ինչպես հաղորդում է РИА Новости-ն:Պարո՛ն Միքայելյան, վերջին օրերին Ռուսաստանից հնչող հայտարարությունների մեսիջները որո՞նք են:
– Ռուսաստանից հնչող դիրքորոշումները, որոնք վերջին օրերին արտահայտվել են, նոր չեն, դրանք մշտապես արտահայտվել են, բայց Ռուսաստանը դրանք չէր կարողանում իրագործել՝ պայմանավորված Ուկրաինայում մխրճված լինելու փաստով: Հիմա Ռուսաստանը դիտարկում է, որ Ուկրաինայից դուրս գալն ընդհանրապես չստացվի մոտ ապագայում, այսինքն՝ եթե առաջ դիտարկում էր, որ պետք է պատերազմն ավարտեր ու նոր սկսեր զբաղվել հետխորհրդային տարածքով, ապա հիմա Ռուսաստանում գերիշխում է այն մոտեցումը, որ պետք է հարմարվել այս պատերազմին:
Երկրորդ՝ Ռուսաստանն ամեն դեպքում պատրաստվում է այս նոր աշխարհին, այն առումով, որ քանի որ աշխարհաքաղաքական փոփոխություններն ինտենսիվանում են, ու Ռուսաստանը չի ուզում անմասն մնալ դրանից, սկսում է ավելի պրակտիկ քաղաքականություն վարել: Երրորդ՝ հայ-ռուսական հարաբերությունները սկսում են ավելի ու ավելի անկում ապրել: Այս ամենը միասին պայմանավորում են այն հանգամանքը, որ այն հին դիտարկումները, որ կային, այլևս սկսում են չաշխատել: Հավանականությունը, որ Ռուսաստանը խոսքերից կարող է անցնել քայլերի, այսօր ավելի բարձր է, քան առաջ:
– Որո՞նք են լինելու այդ քայլերը:
– Այն ինստիտուտը, որ կա, որը թույլ է տվել ներկայիս Հայաստանի իշխանություններին բաժանել ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամակցությունը, վերացնել ու դնել պահանջ, որ եթե անդամակցում ես մեկին, պետք է անդամակցես երկրորդին ևս: Երկրորդը՝ ԵՄ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն է, ինչի մասին խոսել է նաև Մեդվեդևը, նշելով, որ «ԵՄ-ն այլևս տնտեսական միություն չէ և կարող է շատ արագ վերածվել լիարժեք և ծայրահեղ թշնամական ռազմական դաշինքի»:
Եթե նախկինում Ռուսաստանը դիտարկում էր իր հարևանների անդամակցությունը ԵՄ-ին ավելի նախընտրելի, քան՝ ՆԱՏՕ-ին, ապա հիմա այդ մոտեցումը վերանայելու են: Հիմա Ռուսաստանը հստակորեն դրել է ընտրության այդ հարցը, ու մենք այսպիսով վերջնականապես կանգնում ենք կոմպլեմենտարիզմի քաղաքականության վերջնական մահվան առաջ: Նախընտրելի գործընկերությունը պահել ԵՄ-ի հետ ու դա համատեղել Ռուսաստանի հետ՝ Հայաստանի համար այլևս դառնալու է ավելի դժվար: Սա է լինելու այն իրողությունը, որի առաջ Հայաստանը կանգնել է:
– Կարո՞ղ ենք սա ընկալել որպես ազդակ, որ Հայաստանը մոտենում է այն կետին, որտեղ այլևս ստիպված կլինի ընտրություն կատարել։
– Կարելի է ասել, որ հետհաշվարկը գնում է, ու պետք է գիտակցել, որ այլևս չի ստացվելու այդ երկու ուղղությամբ: Կոմպլեմենտարիզմի գլխավոր պայմանը այն է, որ այն խաղացողները, որոնց նկատմամբ, կոնկրետ դեպքում Հայաստանը վարում է կոմպլեմենտար քաղաքականոււթյուն, կոմպլեմենտար են եղել նաև իր նկատմամբ: Քանի որ հիմա միմյանց նկատմամբ այլևս կոմպլեմենտար չեն, մենք ունենում ենք լուրջ խնդիր: Սա պետք է գիտակցել ու չզբաղվել ինքնախաբեությամբ, թե դիվերսիֆիկացում ենք անում:
Մենք պետք է կարողանանք ինչ-որ կերպ խուսափել այդ ընտրությունից, որովհետև Հայաստանի ո՛չ լավագույն, ո՛չ վատագույն շահերից չի բխում այդ ընտրությունը կատարել, քանի որ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը համաշխարհային դասավորության մեջ նվազող ուժեր են: Հույս ունենալ, որ այս երկու նվազող ուժերից մեկը կարող է Հայաստանի անվտանգությունն ապահովել, էլ չասած մյուս ուղղություններով, սին սպասելիք է:
Պետք է իրական բազմակողմանիություն զարգացնել ու լուրջ աշխատել այսպես կոչված երրորդ աշխարհի՝ զարգացող խոշոր ասիական ու նույնիսկ աֆրիկյան պետությունների հետ: Երբ մեր արտաքին գործակցության մեջ Արևմուտքի ու Ռուսաստանի գումարային կշիռը 50 տոկոսից քիչ լինի, այդ ժամանակ ապահովված կլինենք այդ ճնշումներից: Բայց հիմա այդ պատկերն այլ է, ու մենք դատապարտված ենք այդ անառողջ մրցակցությանը մասնակցել, ինչի հետևանքով էլ կրեցինք վերջին տարիների այս պարտությունները:
Այսօր Հայաստանի իշխանությունը կանգնած է ընտրության առաջ՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք, կարծես թե ընտրում են Արևմուտքը, բայց հասկանալով, որ այդ ընտրությունն այս իրավիճակում վտանգավոր է, փորձում են Ռուսաստանի հետ կամուրջները չայրել, սա է իրենց քաղաքականությունը: Վրաստանը և Ադրբեջանը կարողացան դուրս գալ այս ընտրությունից, Վրաստանին դա էժան ու հեշտ չտրվեց, բայց նա կարողացավ դա անել: Հայաստանի գոյատևումը կախված է նրանից, թե արդյոք կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ: Հարավային Կովկասում մենք ունենք ոչ միայն հնարավորություն, այլ նաև պարտականություն այդ ընտրությունից դուրս գալու:
– Կա՞ դուրս գալու պոտենցիալ, պարո՛ն Միքայելյան:
– Այո՛, բայց քաղաքականությունը պետք է լինի ոչ թե մարտավարական, այլ՝ ռազմավարական, այսինքն՝ երկարատև:
Քրիստինե Աղաբեկյան