Գերիների հարազատները կոչ են արել գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը

Գերիների հարազատները կոչ են արել գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը

3 ապրիլի 2026 – 12:15 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները կոչ են արել գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը: Նրանք նամակով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում «Հովանավոր տերության» մեխանիզմի գործարկման խնդրանքով, հայտնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը»:

Կենտրոնի ղեկավարն է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Մենք՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներ ու ներկայացուցիչներ հանդիսացողներս, հայտնում ենք մեր խորին մտահոգությունը Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման կապակցությամբ։ Սա զգալի չափով վատթարացրել է մեր հարազատների արդեն իսկ ծանր վիճակը՝ մեզ թողնելով նրանց ճակատագրի և կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։

Նամակում նշվում է, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման պառճառովզգալի չափով վատթարացրել է գերիների արդեն իսկ ծանր վիճակը, իսկ հարազատները մնացել են անորոշության մեջ։

«Հաշվի առնելով վերոգրյալը և հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում սահմանված պարտավորությունները՝ մենք, ամենայն հարգանքով, բայց նաև հաստատակամորեն կոչ ենք անում Հայաստանին պաշտոնապես դիմել Շվեյցարիայի կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի «Հովանավոր տերության» դերը։ Սա անհրաժեշտ և հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար։

Մենք գիտակցում ենք, որ «Հովանավոր տերության» ինստիտուտը վերջին տասնամյակների ընթացքում չի կիրառվել ու կարող է անսովոր թվալ այսօրվա համատեքստում, սակայն բացառիկ և ապօրինի հանգամանքները, որի հետ առնչվում ենք, պահանջում են հենց այսպիսի բացառիկ միջոցներ։ Ադրբեջանը շարունակում է մեկուսացված պահել հայ գերիներին իրենց ընտանիքներից, անկախ փաստաբաններից և մարդասիրական գործունեություն իրականացնող անկողմնակալ կառույցներից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է»,-մասնավորապես ասվում է նամակում։

Նշվում է, որ առնվազն 19 անձ այս պահին պահվում է Բաքվում, և նրանց հարազատներն արձանագրել են, որ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իրավական պաշտպանության լուրջ բացի՝ մեծացնելով բռնության, վատ վերաբերմունքի և նույնիսկ բռնի անհետացման վտանգները։

«Ժամանակն ունի վճռորոշ նշանակություն։ Շարունակվող հապաղումը կարող է ավելի խորացնել ապօրինի պահվող անձանց տառապանքները և մեծացնել նրանց կյանքի ու ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ սպառնալիքները։ Ուստի կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի կառավարություններին ձեռնարկել համապատասխան քայլեր իրենց մանդատի շրջանակում, և դա անել ճիշտ ժամանակին։ Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հորդորում ենք աջակցել, որպեսզի ապահովվի միջազգային իրավունքի արդյունավետ կիրառումը և էթնիկ հայերի իրավունքների պատշաճ պաշտպանությունը շարունակվող խախտումների պայմաններում»,-նշում է նամակում։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a Comment