ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իրանում գտնվող B1 կամուրջը, որը Թեհրանը կապում էր երկրի արևմտյան շրջանների հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 2-ի երեկոյան TruthSocial սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում երևում են հարվածից հետո կամրջից բարձրացող սև ծխի ամպեր:
Ապրիլի 3-ին Թրամփը նույն սոցիալական ցանցում հայտարարեց, որ եթե ներկայիս կառավարությունը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ, ԱՄՆ զինված ուժերը կոչնչացնեն Իրանում «նախ կամուրջները, ապա էլեկտրակայանները»։
«Մեր զինված ուժերը, որոնք աշխարհի ամենաուժեղն ու ամենահզորն են (անկասկած), նույնիսկ չեն սկսել ոչնչացնել այն, ինչ մնացել է Իրանում։ Հաջորդը կամուրջներն են, ապա էլեկտրակայանները։ Նոր ռեժիմը գիտի, թե ինչ պետք է արվի, և դա պետք է արվի արագ», – գրել է Սպիտակ տան ղեկավարը։