Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի՝ հրաժարական տված աշխատակիցները հայտարարություն են տարածել

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը մարտին լքած 4 անդամները՝ Ստեփան Աստուրեանը, Հարություն Գևորգյանը, Հրանուշ Խառատյանը և Հարություն Մարությանը հայտարարություն են տարածել։

«Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին պաշտոնից ազատելը հոգաբարձուների խորհրդի բացառիկ լիազորությունն է, խորհուրդը դոկտոր Էդիտա Գզոյանին ազատելու ո՛չ պատճառ ուներ, ո՛չ էլ մտադրություն, իսկ հրաժարականի դիմում «խնդրել» գրելը ո՛չ նախարարի, ո՛չ էլ, առավել ևս, վարչապետի լիազորությունների շրջանակում էր»,-ա սվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ իրենց համար անանկնալ է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից  հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարություն Գևորգյանին՝  տնօրեն Էդիտա Գզոյանը կառավարման հարցում թերացումների և նրան փոխարինելու անհրաժեշտության մասին հայտնելը։

«Անցած տարիների ընթացքում դոկտոր Գզոյանի աշխատանքի վերաբերյալ որեւէ բողոք չէինք լսել ո՛չ նախարարությունից, ո՛չ խորհրդի որեւէ անդամից, ո՛չ էլ ՀՑԹԻ-ի անձնակազմից։ Ընդհակառակը, Խորհուրդը դոկտոր Գզոյանի աշխատանքը գնահատում էր գերազանց»,- նշել են նրանք։

Հոգաբարձուների խորհրդի նախկին անդամները անհիմն են համարում պատճառաբանությունը, թե Գզոյանը պատշաճ կերպով չի վերահսկել հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները, նշելով, որ դրանց վերահսկողությունն ու կառավարումը նախարարության պատասխանատվությունն է։

«Քանի որ նա որոշել էր, որ «Ղարաբաղյան շարժում» գոյություն չունի, Արցախի խնդրի վերաբերյալ գիրք նվիրելն անթույլատրելի էր»,- նշում են հայտարարության հեղինակները։ Նրանք շեշտում են, որ հրաժարականի նախնական հիմնավորումը «շեղող հնարք» էր։

Հոգաբարձուների խորհուրդն ասում է, որ ոչ միայն երբևէ չի նկատել կառավարման նմանատիպ խնդիրներ, այլ նաև երբևէ չի տեղեկացվել դրանց գոյության մասին։

«Մեր տեսանկյունից այն, ինչ տեղի ունեցավ ՀՑԹԻ-ում, մի շարք մտահոգիչ հարցեր է առաջացնում.

  • Թանգարանի տնօրենից ազատվելու որոշումը կայացրել է Նիկոլ Փաշինյանը՝ առանց հոգաբարձուների խորհրդի հետ որևէ խորհրդակցության։
  • Պաշտոնից ազատելը մեզ թվում է այն շղթայի մի մասը, որն ուղղված է պատմական փաստերը «վերաձևավորելուն» կամ «վերափաթեթավորելուն»՝ ծառայեցնելով դրանք քաղաքական նպատակահարմարությանը և սեփական իշխանության վերարտադրմանը։

Հայտարարության ավարտին գիտնականները շեշտում են, որ Էդիտա Գզոյանի հետ պատահածը և պատահածի եղանակը առաջացնում են ակադեմիական ազատության, մենատիրակալության հակումների և թանգարան-ինստիտուտի միջազգային հեղինակությունը վնասելու մասին հարցեր։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Էդիտա Գզոյանը իր ցուցումով է հրաժարականի դիմում գրել։ Այս որոշման պատճառը այն էր, որ Գզոյանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից ՀՑԹԻ կատարած այցի ընթացքում նրան էր նվիրել հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող, 1905-1921 թվականներին հայ-թաթարական բախումների վերաբերյալ գիրք:

Փաշինյանը այս արարքը որակել էր որպես կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ և սադրիչ գործողություն, այսպիսով հիմնավորելով իր որոշումը։

Leave a Comment