Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ, որպեսզի չընդհատվի նրա կրթությունը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից:
«Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի են առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- հայտնել է Նավիկյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլ պաշտոնատար անձինք և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ մարտի 29-ին քայլել էին Երևանի Սուրբ Աննա եկեղեցի՝ մասնակցելու Ծաղկազարդի պատարագին: Պատարագի ընթացքում ներկաներից մեկը փորձել էր հարվածել վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները կանխել էին միջադեպը:
Ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել էին 3 անձի, նրանք ներկայացվել էին նախաքննական մարմին:
Ձերբակալված 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել:
Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ և Միքայել Մինասյանները: Նրանք չափահաս են՝ ծնված 2007 թվականին: Դավիթ Մինասյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։
Երկվորյակ եղբայրներից մյուսի՝ Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը: Նույն խափանման միջոցն է սահմանվել նաև ձերբակալվածներից Գևորգ Գևորգյանի նկատմամբ:
Գևորգյանը Սերժ Սարգսյանի ակտիվ համախոհն է, եղել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կազմակերպած ցույցերի գերակտիվ մասնակիցներից մեկը և աչքի է ընկնում արմատական ընդդիմադիր վարքագծով: Նկատենք, որ երկրի ղեկավարին սադրելու ժամանակ նա ևս եկեղեցու ներսում է եղել: