ԱՄՆ բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջը ազատվել է պաշտոնից։ Նման որոշում է կայացրել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը. հայտնում է Reuters գործակալությունը։
Չնայած այն հանգամանքին, որ Հեգսեթը արագ քայլեր է ձեռնարկում գերատեսչության վերակազմակերպման ուղղությամբ, գեներալի պաշտոնանկությունը պատերազմի պայմաններում գրեթե աննախադեպ է։ Պենտագոնը հաստատել է, որ Ջորջը, որի լիազորությունների ավարտին դեռ ավելի քան մեկ տարի կար, «հրաժարական է տվել բանակի 41-րդ շտաբի պետի պաշտոնից»։
Պենտագոնի հայտարարության մեջ նշվում է, որ գերատեսչությունը շնորհակալություն է հայտնում Ջորջին երկարամյա ծառայության համար․ «Մաղթում ենք նրան ամենայն բարիք թոշակի անցնելուց հետո»,– ասված է հաղորդագրությունում։
Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հեգսեթը պաշտոնից ազատել է նաև գեներալ Դեյվիդ Հոդնեին՝ բանակի վերափոխումների և պատրաստության հրամանատարության ղեկավարին, ինչպես նաև գեներալ-մայոր Ուիլյամ Գրինին՝ բանակի կապելլանների կորպուսի ղեկավարին։
