«ԱՄՆ-ը դարձել է ապակառուցողական եւ վտանգավոր երկիր»

ԱՄՆ-ը Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք դարձել է ապակառուցողական,  ագրեսիվ եւ վտանգավոր երկիր, ու Իրանի հետ ողբերգականորեն ապաշնորհ  պատերազմը դրա ապացույցն է: Վերջին հաշվով աշխարհի բոլոր երկրները պետք է որոշեն, թե ինչպես կառուցել հարաբերություններն այն Ամերիկայի հետ, որի վարքագիծը գնալով ավելի քմահաճ է դառնում: Այսպես է գրում «Ֆորին փոլիսի» (Foeign Policy) հեղինակավոր ամերիկյան հանդեսը, ավելացնելով, թե առայժմ երկրները պետք է զգուշանան իրենց դեմ ամերիկյան ուժի միտումնավոր կամ պատահական գործադրումից:

Ըստ հոդվածագրի, Միացյալ Նահանգներն այժմ իրեն պահում է որպես գիշատիչ հեգեմոն: Այն օգտագործում է տասնամյակների ընթացքում կուտակված ազդեցության լծակները՝ շահագործելու ե՛ւ դաշնակիցներին, ե՛ւ հակառակորդներին: Այլ երկրների հետ հարաբերություններում այս «շահում-պարտություն» սկզբունքով մոտեցումը ենթադրում է միջազգային ինստիտուտների եւ նորմերի մեծ մասի նկատմամբ խոր հակակրանք, միտումնավոր ոչ-հետեւողական վարքագիծ: Եվ ուրիշ երկրների առաջնորդներին վատ թաքցված արհամարհանքով վերաբերվելու սովորություն՝ ընդսմին նրանցից մեծ մասից պահանջելով հնազանդության եւ հավատարմության նվաստացուցիչ ժեստեր: Տարածաշրջանում եւ աշխարհում Իրանի դեմ պատերազմի հետեւանքների տարածման հետ պարզ է դառնում, որ վարչակազմը կամ չի հասկացել իր գործողությունների ազդեցությունը այլ երկրների վրա, կամ էլ թքած ունի այդ հարցի վրա:

Իսկ երկրի արտաքին քաղաքականությունը, հոդվածի հեղինակի գնահատմամբ, հայտնվել է զարմանալիորեն ոչ հասու մարդկանց ձեռքերում՝ նախագահից մինչեւ ներքեւ: Եվ քանի որ ԱՄՆ քաղաքական մարմինը մնում է խորապես տրոհված, մյուս երկրները ստիպված են հաշվի առնել այն փաստը, որ ճոճանակը պարզապես շարժվելու է մի կողմից մյուսը, մեկ ծայրահեղությունից մեկ ուրիշը: Նման պայմաններում ո՞ր երկիրը կարող է հույսը դնել այն խոստումների վրա, որ Վաշինգտոնը տալիս է հիմա եւ կտա թեկուզ հետո՝ դեմոկրատական կուսակցությունից ընտրվելիք նախագահի օրոք: Նաեւ՝ ի՞նչ անեն նման Ամերիկայի հետ գործակցող այն երկրները, որոնց համար ԱՄՆ-ը միակ գիշատիչը չէ, այլ կան ավելի մոտիկ անմիջական վտանգներ:

Հրապարակման մեջ դիմակայունության առումով կարեւորվում է ինչպես երկրների սեփական ուժերի, այնպես էլ այլ երկրների հետ գործընկերության ծավալումը, դիվանագիտական քայլերի համատեղումը եւ այլն, հաշվի առնելով նաեւ, որ ուժեղ կողմին զիջումները հանգեցնում են նոր պահանջների:

Նշվում է, թե չնայած իրատես գիտնականների մեծ մասը պնդում է, որ հզոր, ագրեսիվ պետությանը «հարելը» ռիսկային է եւ այդ պատճառով էլ հազվադեպ հանդիպող, որոշ երկրներ դա համարում են լավագույն տարբերակ: Հատկապես՝ թույլերն ու խոցելիները, որոնք կարող են եզրակացնել, որ իրենք այլընտրանք չունեն, քան միանալ Միացյալ Նահանգներին ու լավագույնի հույս ունենալ: Իսկ այն երկրները, որոնք ցանկանում են ԱՄՆ-ի աջակցությունն օգտագործել սեփական ռեւիզիոնիստական   նպատակներին հասնելու համար, ուրախությամբ կդիմեն դրան:

Իսրայելը, Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի փոքր պետությունները նման պատեհապաշտական   վարքագծի ակնհայտ օրինակներ են:

Այն պետությունները, որոնք ընտրում են սերտորեն համագործակցելը Միացյալ Նահանգների հետ եւ ցանկանում են օգտագործել ամերիկյան ուժը իրենց ազգային նպատակներին հասնելու համար, կկրկնապատկեն ջանքերը՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն իրենց ցանկալի հուն ուղղելու համար, այնուհետեւ ասվում է հոդվածում: Նաթանյահուն եւ կարեւոր որոշ իսրայելական լոբբիստական   խմբեր օգնել են համոզել Թրամփին՝ սկսել ներկայիս պատերազմը: Ըստ որոշ տեղեկությունների, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը Թրամփին դրդում է ցամաքային զորքեր մտցնելու: Կարելի է վստահորեն ասել, որ Իսրայելը եւ Պարսից ծոցի երկրները կշարունակեն լոբբիինգ անել Սպիտակ տանը եւ  Կոնգրեսում՝ ապահովելու համար, որ զենքի հոսքը չդադարի:

Կոշտ ուժը մնում է համաշխարհային քաղաքականության հիմնական արժույթը, մասնավորապես նշվում է ծավալուն հոդվածում: Միացյալ Նահանգներն այլեւս նման չէ բարեմիտ, թեկուզ եւ ոչ անմեղ, համաշխարհային տերության: Այն այժմ անտարբեր, դաժան եւ մշտապես խաբող կերպարով երկիր է, որը մտահոգված է միայն իր սեփական շահերով: Այդ պատճառով նույնիսկ երկրների այն ղեկավարները, որոնք ցանկանում են գործեր առաջ տանել Վաշինգտոնի հետ, զգուշանալու են չափից ավելի մոտիկությունից:

Գ. Մ.

Leave a Comment