Ապրիլի 1-ին եւ 2-ին գերմանական մեդիան անդրադարձել է Մոսկվայում Փաշինյան-Պուտին ապրիլմեկյան հանդիպմանը՝ վերնագրերում առավելաբար շեշտելով, թե «Պուտինը զգուշացնում, սպառնում է ՀՀ-ին, որ ԵՄ-ին անդամակցությունը հետեւանք կունենա»: Հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվածը բավարար համարելով, առավել կաեւոր ենք նկատում ապրիլի 1-ին tablemedia- ում հրապարակված «Տարբեր ուղիներ, ընդհանուր ճակատագիր. Վրաստանը, Հայաստանը եւ Հարավային Կովկասը՝ Եվրոպայի փորձաքար» վերնագրով հոդվածը, որի հեղինակը Վրաստանի նախկին՝ մինչեւ 2021 թվականը պաշտոնավարած վարչապետ Գեորգի Գախարիան է: «Վրաստանը եւ Հայաստանը դեպի Եվրոպա ընթանում են տարբեր ուղիներով, սակայն ռազմավարական առումով փոխկապակցված են», գրում է Վրաստանի նախկին վարչապետը եւ պահանջում, որ «Եվրոմիությունն այժմ ապահովի տարածաշրջանային կայունությունը եւ հետ մղի Ռուսաստանի ազդեցությունը»: «Վրացական երազանք» կուսակցության նախկին անդամ, այժմ «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր նախագահ Գախարիան, որ 2025-ից ի վեր իր երկրից արտաքսված ապրում է Բեռլինում, գրում է՝ «Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական վճռորոշ խաչմերուկում է: ԼՂ հակամարտության ավարտից հետո, Ռուսաստանի տկարացած դիրքը, նրա սխալ հաշվարկած ներխուժումը Ուկրաինա, Եվրոպայի վերաներգրավվածության հետ միասին ստեղծել են տարածաշրջանը վերաձեւավորելու հազվադեպ հնարավորություն: Արդի պատմության մեջ առաջին անգամ թե՛ Վրաստանը, թե՛ Հայաստանն ունեն եվրոպական շոշափելի հեռանկար, թեեւ այն նաեւ խոցելի է: Սակայն հենց հիմա նրանց ուղիները սկսում են տարանջատվել՝ տարածաշրջանի համար լայնածավալ հետեւանքների հնարավորություն ստեղծելով»: Գախարիան ընդգծում է, որ «տասնամյակներ ի վեր Վրաստանը եղել է եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման առաջատարը, ստորագրել է ասոցացման համաձայնագիր՝ ներառյալ ազատ առեւտրի գոտին, հասել է վիզաների ազատականացման եւ ստացել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ: Տարիներ ի վեր Վրաստանն է դիտարկվել՝ որպես եվրոպական այլընտրանք Հայաստանին, մի երկիր, որ թվում էր Ռուսաստանի ազդեցության տիրույթում էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը սկսել է զգուշավոր, սակայն կայուն մերձենալ Եվրոպային: 2021 թվականի գործընկերության համաձայնագիրը (CEPA) շրջադարձային էր եւ ստեղծեց ավելի սերտ համագործակցության հիմք»: Վրաստանի նախկին վարչապետի գնահատմամբ, այժմյան մտահոգիչ զարգացումները ստվերում են իր երկրի ձեռքբերումները:
«2024-ին կայացած խորհրդարանական անհաջող ընտրություններից հետո, կառավարությունը կասեցրեց ԵՄ-ին անդամակցության գործընթացը, գրում է Վրաստանի նախկին վարչապետը: «Բարեփոխումներն առաջ մղելու փոխարեն երկիրը ժողովրդավարական զարգացման հետընթացի մեջ է, խաթարում է վրաց ժողովրդի՝ տասնամյակների ընթացքում մեծ դժվարությամբ կառուցածը՝ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Նույն այդ ժամանակ Հայաստանն առաջընթաց է գրանցում: Մասամբ ներշնչվելով Վրաստանի թեկնածուի կարգավիճակից՝ Երեւանը քայլեր է ձեռնարկել դեպի ԵՄ, խորացրել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ ցույց տալով արտաքին քաղաքական հստակ վերակողմնորոշում», վերլուծում է Վրաստանի նախկին վարչապետը, որ վերոբերյալ հակադիր զարգացումը դիտարկում է որպես տարածաշրջանի համար լայնածավալ հետեւանքներ պարունակող: «Երկու երկրների եվրոպական հեռանկարներն ավելի սերտորեն են փոխկապակցված, քան հաճախ ենթադրում են: Ծովային ելքից զուրկ Հայաստանը մեծապես կախյալ է հարեւան երկրներով անցնող տրանզիտային ուղիներից: Վրաստանը ՀՀ-ի՝ դեպի Եվրոպա հիմնական դարպասն է՝ առեւտրի, էներգետիկայի եւ Սեւ ծովի նավահանգիստներին հասանելիության առումով: Առանց Եվրոպային ամուր խարսխված Վրաստանի՝ ՀՀ-ի ուղին զգալիորեն բարդանում է», կարծիք է հայտնում Վրաստանի նախկին վարչապետը՝ նկատել տալով, թե «եվրոպական ուղղվածությամբ Վրաստանն ամրապնդում է Հարավային Կովկասի կայունությունն ու վստահելիությունը, խթանում է տնտեսական ինտեգրումը եւ ապահովում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ դրանից անդին գտնվող տարածքների հետ հուսալի միջանցքի գոյությունը»: «Եթե Վրաստանը հեռանա այս ուղուց, այդ զարգացումը կարող է փլուզվել՝ երկու երկրների համար հետեւանքներ ուրվագծելով, ինչպես նաեւ ԵՄ-ի տեսանկյունից տարածաշրջանի ռազմավարական արժեքի առումով: Վրաստանում Ռուսաստանի ազդեցության աճը կսահմանափակի նաեւ ՀՀ- ի գործողությունների հնարավորությունները: Հայաստանը գիտակցում է սա»: Գեորգի Գախարիան հիշեցնում է ՀՀ վարչապետի՝ Եվրոխորհրդարնում հնչեցրած ելույթը, որի ժամանակ Փաշինյանը կոչ ուղղեց ԵՄ-ին վերսկսելու Վրաստանի հետ երկխոսությունը՝ սառեցված այդ հարաբերությունները դիտարկելով որպես ՀՀ-ի ՝ ԵՄ ինտեգրման ճանապարհի ամենամեծ խնդիր:
«Եվրոմիության համար երկու երկրներին սատարումը «պարզապես լավություն» չէ, այլ ռազմավարական ներդրում՝ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ գտնվող կարեւոր տարածաշրջանում կայունության, կապակցվածության եւ ՌԴ-ի ազդեցության նվազեցման մեջ: Բրյուսելը պետք է շարունակի աջակցել Հայաստանի բարեփոխումների ընթացքին, միաժամանակ պահպանի կապը վրաց հասարակության եւ եվրոպամետ ուժերի հետ, նույնիսկ Վրաստանի կառավարության հետ բարդ հարաբերությունների պայմաններում: Խաղաղությունը, բարեկեցությունը եւ փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում հնարավոր չեն առանց Վրաստանի: Անհրաժեշտ է պահպանել ձեռք բերվածը, որպեսզի քաղաքական պայմանների բարելավման ժամանակ հնարավոր լինի վերսկսել առաջընթաց ուղին,: Այժմ ընտրությունը հստակ է. կա՛մ Հարավային Կովկասի համար ձեւավորվում է եվրոպական միասնական հեռանկար, կա՛մ հերթական հնարավորությունն ի չիք է դառնում», կանխատեսում է Գախարիան:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Գեորգի Գախարիան 2019-2021-ին եղել է Վրաստանի վարչապետը: Լուսանկարը՝ tablemedia-ի: