Վերնագրի չակերտված մասը անգլիական The Economist շաբաթահանդեսինն է եւ խտացնում է քաղաքագիտական շատ շրջանակների կարծիքը Մ. Նահանգների նախագահի վարած քաղաքականության վերաբերյալ, ոչ միայն դրսում, այլեւ հենց նրա ղեկավարած երկրում: Այն՝ ինչ վերջին օրերին տեղի է ունենում ամերիկյան մեծ քաղաքներում ու հրապարակներում, իսկապես աննախադեպ է առնվազն վերջին 50-60 տարիների համար: «No Kings» («Ո՛չ թագավորներին») կարգախոսով բողոքի ցույցերը Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում, Լոս Անջելեսում եւ այլուր ընդդեմ նախագահ Թրամփի ու նրա վարչակազմի վարած քաղաքականությանը՝ դժգոհության արտահայտությունն է ամերիկացի ժողովրդի, որի 62 տոկոսը, ըստ վերջին հարցախույզների, դեմ է Իրանի նկատմամբ թրամփյան քաղաքականությանը եւ Իսրայելի հետ համակարգված (ոմանց կարծիքով՝ վերջինի դրդմամբ) հակաիրանյան պատերազմին, որն իր 2-րդ ամիսը թեւակոխեց երեկ: Այդ պատերազմին դեմ են հատկապես երիտասարդական շրջանակներում, որտեղ, ըստ նույնինքն ամերիկյան դիտորդների, հայտարարում են, որ դա իրենց պատերազմը չէ եւ քննադատության թիրախ են դարձրել իսրայելական լոբբիստական կազմակերպություններին:
Բողոքի ալիքը մակընթացություն արձանագրեց հատկապես մարտի 27-ից սկսած, երբ Պենտագոնը հայտարարեց, որ ընդունել է նախագահ Թրամփի հանձնարարությունը՝ ի հավելումն իր հսկայական արմադայի՝ ցամաքային զորք ուղարկելու իրանյան ուժերի դեմ, առաջին հերթին նպատակ ունենալով գրավել Խարք կղզին, որը համարվում է կարեւորագույն հանգույցը պարսկական նավթագազային արդյունահանման: Ռազմական այդ եւ այլ գործողությունների համար պաշտպանության գերատեսչությունը Սպիտակ տնից պահանջեց աստղաբաշխական՝ 500 մլրդ դոլարի բյուջե, ինչը, սակայն, իմ կարծիքով, դժվար թե Կոնգրեսում երկկուսակցական վավերացման արժանանա, այն էլ՝ միջանկյալ ընտրությունների սեմին: Ախր հարցը միայն հավելյալ ռազմական ծախսերին չի վերաբերում, այլ՝ շատ ավելի զգայուն՝ մարդկային անխուսափելի կորուստներին: Ու թեեւ Դոնալդ Թրամփը շարունակում է ամերիկացիներին ցինիկորեն հիշեցնել, որ Վենեզուելայի մայրաքաղաք Կարակասում նախագահական պալատը գրավելու, նախագահ Մադուրոյին ու նրա տիկնոջը առեւանգելու հատուկ գործողության ժամանակ ամերիկյան զինուժի ոչ մի անդամի քիթն անգամ չարյունեց, սակայն Կոնգրեսի առաջիկա ընտրություններին պատրաստվող ոչ մի թեկնածուի, ինչպես նշում են դիտորդները, այն էլ՝ ներկա գրեթե համաժողովրդային դժգոհության պայմաններում, չի կարելի մոլորեցնել: Ցամաքային պատերազմը միշտ էլ զոհեր է խլում, այն էլ՝ բազմաթիվ զոհեր:
Իսկ եթե այս բոլորի վրա ավելացնենք Մ. Նահանգներում առկա բացասական մյուս իրողությունները՝ համատարած գնաճ, վառելանյութի թանկացում, ուսանողական ակտիվիստների նկատմամբ հալածանք, անօրինական կեցությունների դեմ խստացված պատիժներ ու դեպորտացիա, մանր ու մեծ սկանդալներ (Էփշտեյնի «գործը» օրինակ), թանգարանների, մշակույթի կենտրոնների փակում, նախագահի անկիրթ պահվածք, խաղաղության, եւ հաշտեցումների անվան տակ անհաշտ, անողոք գործողություններ եւ ամենակարեւորը՝ պետական մարմինների միջեւ հակակշռի կանոնների եւ բազմազանության անտեսում, ինչը հաստատում է Նոբելյան մրցանակի հայազգի դափնեկիր Տարոն Աճեմօղլուի 3 տարի առաջ կատարած գուշակությունը թրամփյան Ամերիկայում ժողովրդավարության անէացման մասին եւ, միաժամանակ, բողոքի ցույցերի գլխավոր կարգախոսի՝ No Kings-ի արդարացիությունը:
Ի դեպ, այդ նույն կարգախոսն ամերիկացիներն օգտագործել են 1787 թ.ին, Սահմանադրության ընդունման օրերին: Նկատի ունենալով Բրիտանական կայսրության միապետի՝ թագավորի միահեծան իշխանության պարտադրումը ամերիկացի ժողովրդի անկախության պայքարի դեմ: Այդ կարգախոսը հիմնարար ու պարտադիր սկզբունք է Մ. Նահանգների Սահմանադրության մեջ:
Թրամփը, փաստորեն, փորձում է ցատկ կատարել այդ սկզբունքի վրայով:
Հույս ունենանք, որ ամերիկացի ժողովուրդը ի վերջո կձերբազատվի թրամփականությունից, միաժամանկ դաս տալով բոլո՛ր թրամփիկներին, ո՛ր երկրում էլ գտնվեն նրանք:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
The post Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը» appeared first on Ազգ.