Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հաջող է համարում այցը Մոսկվա։ Նա նշում է, որ երկկողմ օրակարգի բոլոր ուղղություններով ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ մշակույթից մինչև ռազմատեխնիկական գործակցություն։ Վարչապետն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփել է ապրիլի 1-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ռուս գործընկերների հետ քննարկումները։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների թեման, որը վերջին տարիներին եղել է անվտանգության դիսկուրսի կենտրոնում, վարչապետի գնահատմամբ, հասել է այն փուլին, երբ վերադարձի ակնկալիքն այլևս չի դիտարկվում որպես իրատեսական տարբերակ։ Երևանը շեշտադրում է առաջ նայելու անհրաժեշտությունը։ Փաշինյանը անդրադարձել է նաև Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցին։
ՀԱՊԿ-ի մասով անընդհատ հետ նայելու ռեժիմում չպետք է լինենք և վերադարձ դեպի այդ կառույց ակնկալելն իրատեսական չէ․ այսպես պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռադիոլուր»–ի հարցին, թե արդյոք Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկումներ եղել են ՀԱՊԿ-ի վերաբերյալ, և արդյոք հայկական կողմի մոտեցումներում փոփոխություն կա ՀԱՊԿ կազմում մնալու կամ դուրս գալու առումով։ Թեման առաջին անգամ չէ, որ քննարկվել է, նախկինում նույնպես նման քննարկումներ եղել են, հիշեցրեց Փաշինյանը՝ մանրամասնելով իր դիրքորոշումը.
«Շատ լավ. եղել է 2021 թվական, 2022 թվական, սակայն մենք անընդհատ չպետք է այդ կետի վրա մնանք։ Մեր հարաբերությունները մեծ օրակարգ, մեծ պոտենցիալ ունեն, և մենք պետք է առաջ նայենք, որովհետև այո, ամեն մեկն ունի իր ճշմարտությունն այդ հարցերի վերաբերյալ։ Մենք չպետք է անընդհատ այդ նույն կետի վրա սկսենք քննարկել, ծանրութեթև անել։ Իհարկե, դրա անհրաժեշտությունը կար, սակայն կարծում եմ` բավարար չափով ծանրութեթև արել ենք և եկել ենք որոշակի եզրակացությունների, հարգանքի մթնոլորտում կիսել ենք այդ եզրակացությունները իրար հետ»։
Փաշինյանը հավելեց, որ Պուտինի հետ ՀԱՊԿ–ի վերաբերյալ շարունակել են քննարկումները, սակայն ՀՀ վարչապետի եզրակացությունն ու առաջարկը հետևյալն է եղել.
«Եթե հնարավոր լինի, բավարար չափով քննարկված համարել այս թեման և անցնել օրակարգի մյուս հարցերի քննարկմանը, այսինքն` անընդհատ հետ նայելու այդ ռեժիմում չլինել»։
Հիշեցնենք` 2024–ի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ–ին: Վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ՝ թեման եզրափակեց Հայաստանի վարչապետը։
Ռուս գործընկերների հետ հանդիպումներում մանրամասն քննարկվել է հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Հայաստանին և Ռուսաստանին բարեկամ այլ երկրի փոխանցելու հարցը՝ տեղեկացրեց Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին․
«Այո, այդ հարցը մանրամասն քննարկվել է, մենք մանրամասն զրույց ենք ունեցել, մեր դիրքորոշումները և տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները, և պայմանավորվել ենք քննարկումները շարունակել»։
Հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երկրի փոխանցելու առաջարկն ավելի վաղ արել էր հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել էր, որ ռուսական կողմի կառավարման պայմաններում հայկական երկաթուղին զրկվում է որոշ մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են հայկական երկաթուղուց օգտվելուց, քանի որ այն կառավարում է Ռուսաստանը։
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ապրիլի 2-ին հայտարարել է, որ հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա։ Լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ Փաշինյանը շեշտեց, որ ՌԴ-ի հետ ոչ մի բան չի տապալվել, երկաթուղու վերաբերյալ քննարկումը շարունակվում է.
«Քննարկումների իմաստը հետևյալն է. խնդիրը ձևակերպված է ընդամենը մեկ նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունն այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները և որևէ կերպ չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին»։
Մյուս կողմից, սակայն, այդ իրադրությունը Հայաստանի մրցակցային առավելություններն օգտագործելու հնարավորություն չի տալիս, հետևաբար, Փաշինյանի խոսքով, միասին պետք է մտածեն ինչ լուծում գտնել։
Անվտանգության համատեքստում վարչապետ Փաշինյանը կրկին անդրադարձավ այն քարտեզին, որը ներառում է Հայաստանի ինքնիշխան տարածքը առանց Լեռնային Ղարաբաղի։ Դա է Հայաստանի Հանրապետությունը՝ ասաց նա.
«Աշխարհաքաղաքական թակարդից դուրս բերելու պրոցեսը՝ գիտակցության և գիտելիքի արդյունքում, և ես հպարտ եմ, որ առաջնորդել եմ այդ գործընթացը։ Դա մի պրոցես է, որ ես հայաստանյան միջին վիճակագրական մտածողությունը կարողացել եմ հաղթահարել, ինչի արդյունքում մենք այսօր ունենք անկախ, ինքնիշխան պետություն»։
Փաշինյանը համաձայն չէր լրագրողներից մեկի դիտարկմանը, որ այժմ արգելված է «Արցախ» տերմինի օգտագործումը՝ այն դեպքում, երբ լրագրողներն իրենց հարցերում ազատորեն հնչեցնում են այդ բառը նաև կառավարության շենքում։ Վարչապետը պարզաբանեց, որ իր ասածն այլ բան է․ մենք պետություն ենք ու պետք է հասկանանք, որ ասված ամեն արտահայտություն, արված ամեն քայլ ունի արժեք՝ որևէ արժեք, ու դա կարող է լինել «պոզիտիվ» կամ «նեգատիվ» և ամեն ինչ ունի իր պատճառահետևանքային կապերը։ Ու դա պետական գիտելիք ձեռք բերելու շատ կարևոր մի գործընթաց է՝ եզրափակեց վարչապետը։