Լիզենցավորման ևս մեկ տեսակ էներգետիկ ոլորտում․ էլեկտրական հոսանքը հնարավոր կլինի պահեստավորել

Վերջին տարիներին Հայաստանում արևային կայանների տեղադրման թռիչքաձև աճ է եղել։ Դա նշանակում է, որ կուտակիչ կայանների կարիքն այսօր ավելի նկատելի է։ Տեխնիկական վերազինման համար ապրիլի 1–ից Մեծամորի ատոմակայանը դադարեցրել է աշխատանքը։ Էլեկտրաէներգիայի պակասը կլրացվի նաև արևային կայանների միջոցով։ Վարչապետը կառավարության նիստում պատմել է վերջերս Գերմանիա կատարած այցից տպավորությունները։ Նա ասել է, որ այդ երկրում արևային տեխնոլոգիաներով արդեն իսկ արտադրվում է և՛ ակտիվ, և՛ ռեակտիվ էներգիա։ Մտածելու ժամանակն է, թե ինչպես կարելի է Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան կուտակել։

Արևային կայանների թիվը Հայաստանում վերջին տարիներին էականորեն ավելացել է։ Ոլորտի զարգացման մինչև 2040–ի ռազմավարության համաձայն՝ 2030–ին Հայաստանը պետք է ունենա 1․000 Մվտ հզորությամբ արևային կայաններ, բայց արդեն 2025–ի ավարտին առկա հզորությունը գերազանցել է այդ ցուցանիշը։ Ըստ վիճակագրության՝ այս տարվա մարտի 1-ի դրությամբ արևային կայանների գումարային հզորությունը հասնում է 1․141 Մվտ–ի, որից 479–ը արդյունաբերական, իսկ 662–ը ինքնավար, տանիքներին տեղադրված արևային կայաններ են։

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյան․ «Նախկինում տրամադրված լիցենզիաներով առաջիկայում կկառուցվեն ևս 170 Մվտ հզորությամբ արևակայաններ»։

Կառավարությունը հաստատել է ոլորտին առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկը։ Այդ որոշումը վերաբերում է կուտակիչ կայաններին լիցենզիա տրամադրելուն: Որոշման վերաբերյալ պարզաբանումներ է տալիս ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը․

«Առաջարկում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել։ Խոսքը պահեստավորման լիցենզիայի մասին է։ Կառավարության լիազորված մարմնի առաջարկի հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսուհետև կտրամադրի լիցենզիա, և նման լիցենզիա ունեցող անձին կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորելու հնարավորություն։ Միաժամանակ կտրվի հնարավորություն նաև, շուկայի կանոնների համաձայն, մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին՝ պահեստավորման ծառայություն մատուցելու»։

Լիցենզավորման ենթակա չի լինի մինչև 1 Մվտ հզորությամբ կայանում էներգիայի պահեստավորումը։ Չի լիցենզավորվի նաև 1 Մվտ–ից ավելի հզորությամբ կայանում սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելը։

Վարչապետն արձագանքում է՝ այս նախագիծը կուտակիչ կայաններ ստեղծելու մասին է։ Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվում է․

«— Ինչո՞ւ մինչև հիմա կուտակիչ կայան ունենալու հնարավորություն չի եղել»:

— Նախկինում նման կարգավորում չի եղել, քանի որ դրա անհրաժեշտությունն էլ չի եղել, և վերջին տարիներին է, որ այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է աշխարհում և Հայաստանում»:

Քննարկմանն արձագանքում է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը․

«Բարեփոխման իմաստը հետևյալն է. շուկային ասում ենք՝ կառուցե՛ք պահեստներ, մենք ձեզնից կվարձակալենք: Սա իրավական հիմքն է, որ մենք շուկային վարձակալության վճար տանք և երաշխիք ստեղծենք»:

Օրենսդրական փոփոխությունները կարևորում է նաև ԲՏԱ նախարարը։ Մխիթար Հայրապետյանն ընդգծում է՝ դրանցով հնարավորություն է տրվելու ոչ միայն էներգիա կուտակելու, այլև կայուն էներգիա ապահովելու, ինչը տվյալային կենտրոնների աշխատանքի համար կենսական և առանցքային նշանակություն ունի:

«Գաղտնիք չէ, որ առաջադեմ տարբեր տեխնոլոգիաներով գործող, բարձր արտադրողականությամբ աշխատող տվյալային կենտրոնների համար էներգիան կենսական կարևորություն ունի, և տարբեր երկրների արտահանման թույլտվությունները տրամադրելիս էներգիայի պաշարների հարցը կարևորագույն նախապայմաններից մեկն է»։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ ընդգծում է, որ առաջիկայում սակագնային քաղականությունը վերանայելու անհրաժեշտություն է լինելու։

 Հայաստանն արևային էներգիայի արտադրանքի ծավալով աշխարհում առաջատարների շարքում է:

Leave a Comment