ՀՀ-ի ապաշրջափակումը անհրաժեշտ է ողջ Հարավային Կովկասի զարգացման համար. Օվերչուկ

Հայաստանի ապաշրջափակումը անհրաժեշտ է ողջ Հարավային Կովկասի զարգացման համար, միայն Ռուսաստանի ներկայությունն այս գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Ընդամենը մի քանի օրվա ընթացքում «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները համաձայնության եկան ռուսական և ղազախական բեռները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ՝ Ադրբեջանի և Վրաստանի միջոցով։

Եվ երեսուն տարվա ընթացքում երկաթուղով Հայաստան ժամանած առաջին հացահատիկի խմբաքանակը ռուսական էր։ Պարարտանյութերն այժմ սկսում են ժամանել, և բեռների տեսականին ընդլայնվում է», – հայտարարել է Օվերչուկը։

Նա համոզված է. «Սա օգտակար է բոլորի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի»։ «Բոլորն ունեն եկամտի նոր աղբյուր, և Ռուսաստանը դրա հետ անմիջական կապ ունի», – հայտարարել է փոխվարչապետը։

«Ռուսաստանի կառավարությունը շահագրգռված է մեր երկրների միջև առևտրի զարգացմամբ և բեռնափոխադրումների ավելացմամբ։ Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին և Վրաստանին ԵԱՏՄ անդամ պետության ապաշրջափակման հարցում շատ կառուցողական և արդյունավետ համագործակցության համար:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, մենք նորմալ հարաբերություններ ունենք Հայաստանի հարևանների՝ Իրանի և Թուրքիայի հետ։ Բացի այս չորս երկրներից, այնտեղ այլ հարևաններ չկան», – հավելել է Օվերչուկը։

Leave a Comment