ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի առաջիկա ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես ՀՀ անձնագիր՝ ընդգծելով, որ դա բխում է երկրի Սահմանադրությունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ նշելով, որ երկիրը ժողովրդավարական է, և քաղաքական ակտիվությունը բնական երևույթ է։
«Մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրությունները, փաստացի, նաև վարչապետի ընտրություններ են»,- ասել է նա։
Վարչապետը հատուկ շեշտել է ընտրություններին մասնակցության սահմանադրական պահանջները։
«Այս ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, ովքեր ունեն բացառապես հայկական անձնագիր։ Այսինքն՝ ռուսական անձնագիր ունեցող մարդիկ, ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, չեն կարող լինել ոչ պատգամավորի թեկնածու, ոչ էլ վարչապետի թեկնածու»,- նշել է Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է, որ այս սահմանափակումը իրավական բնույթ ունի և վերաբերում է բոլոր երկքաղաքացի անձանց՝ անկախ քաղաքական դիրքորոշումից։
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում քաղաքական գործընթացները մշտական են, իսկ սոցիալական ցանցերը լիովին ազատ են, ինչը, ըստ նրա, երբեմն նույնիսկ քննադատության տեղիք է տալիս։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում կան բազմաթիվ ռուսամետ քաղաքական ուժեր և գործիչներ, ինչպես նաև նշել էր, որ նրանցից որոշները գտնվում են ազատազրկման մեջ։
Պուտինը նաև հույս էր հայտնել, որ այդ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, միաժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանը չի միջամտում երկրի ներքին գործերին։