Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Զատկին ընդառաջ վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի արտադրության և իրացման շուկայում։ Տնտեսվարողները զգուշացվում են, որ խախտումները կհանգեցնեն վարչական պատասխանատվության։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արդեն մի շարք խախտումներ է արձանագրվել ձվի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններում և իրացման շուկայում։ Վերահսկողության նպատակն է գնահատել ռիսկերը և բացառել ոչ պատշաճ որակի ձվի մատակարարումը շուկա։ Զատկին ընդառաջ տնտեսվարողների կողմից երբեմն նկատվել են հին ձուն հավաքելու ու թարմ մակնշմամբ վաճառելու դեպքեր, քանի որ այդ օրերին այս մթերքի պահանջարկը կտրուկ ավելանում է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչ Անուշ Հարությունյանը մանրամասնում է․
«Հիմնական խախտումը այն է, որ ձուն չի համապատասխանել Ա դասի սեղանի ձվի պահանջներին։ Եղել է ծակոտիներով, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, դեղնուցը՝ ոչ առաձգական, կողմնակի արտահայտված հոտ է եղել։ Նման խախտումներ հայտնաբերվել են 3 կազմակերպությունում այս պահի դրությամբ»։
Ստուգումների ընթացքում ուսումնասիրվում են արտադրանքի որակը, պահպանման պայմանները, պիտակավորումը և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։
«Քաղաքացիները ձու գնելիս ուշադրություն պետք է դարձնեն պիտանելիության ժամկետին։ Ձվի վրա չպետք է լինեն ճաքեր կամ վնասվածքներ, այն չպետք է լինի աղտոտված, ունենա պատշաճ ապրանքային տեսք։ Սեղանի ձուն պահպանվում է 25 օր»։
Իրականացվում է նաև ձվի նմուշառում և լաբորատոր փորձաքննություն։
«Լաբորատոր փորձաքննությամբ պարզվում է նաև, որ կեղևի միջի թաղանթի օդախցիկ կա վերևի մասում։ Դրա բարձրությունից հաշված թարմ ձուն 4 մմ է, առաջին դասի ձուն որ մենք օգտագործում ենք 6 մմ, մինչև 9 մմ օգտագործվում է արդյունաբերության մեջ»։
Ձվի վրա պարտադիր պետք է նշվեն արտադրողի անունը, արտադրության ամսաթիվը, խմբաքանակի համարը և կարգը, փաթեթավորումը մակնշվի հայերենով և ռուսերենով։
«Ավելի հաճախ հանդիպում են ապրանքատեսակի անհամապատասխանություններ, դա նշանակում է, որ ձվի չափն ու պահման պայմանները չեն համապատասխանում այն մակնշմանը, որը արել է արտադրողը»։
Անուշ Հարությունյանի դիտարկմամբ՝ խախտումներով խմբաքանակների իրացումն արգելվել է, տրվել են շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր: