Հիվանդանոցում մակերեսային զննությունից հետո 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. Վարդուհի Էլբակյան

Այսօր դատարանի որոշմամբ՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ սադրանքից հետո ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանին դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել։ Դատարանի որոշումը հրապարակելուց հետո, նրան պետք է տեղափոխեին «Արմավիր» ՔԿՀ, սակայն, ինչպես տեղեկացրել էր Դավիթի շահերի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը՝ քրեակատարողական հիմնարկ չհասցրած՝ Դավիթի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են Էջմիածնի ԲԿ։

Քիչ առաջ Դավիթ Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը տեղեկացրեց, որ հիվանդանոցում Դավիթին կարճ, մակերեսային զննել են ու կրկին տարել են քրեակատարողական հիմնարկ։

«Երեխեն երբեք չի ասում, որ ինքը վատ է։ Հարցնում ենք՝ ինչպե՞ս ես, ասում է՝ լավ եմ։ Բայց ունեցել էր գիտակցության կորուստ, շնչարգելություն։ Բնականաբար, այս ԲԿ-ն միանգամից որոշեց, որ երեխան խնդիր չունի։ Ասացի՝ սպասեք, Դավիթի բժշկական փաստաթղթերը բերեն, համադրեք, տեսեք, չթողեցին։ Դավիթին տարան «Արմավիր» ՔԿՀ, հիմա մենք էլ ենք գնում այնտեղ»,- 168.am հետ զրույցում ասաց Վարդուհի Էլբակյանը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին, երբ Սուրբ Աննա եկեղեցում պատարագ էր, Նիկոլ Փաշինյանը թիմակիցների ու անվտանգության աշխատակիցների հետ որոշել էր մտնել եկեղեցի, իսկ նրա անվտանգության աշխատակիցները հավաքված մարդկանց հրելով՝ փորձել էին ճանապարհ բացել։ Այդ ժամանակ Դավիթն իր եղբոր՝ Միքայելի հետ եկեղեցում մասնակցում էին պատարագի և հորդորել էին իրենց չհրել։ Այդ ժամանակ հրմշտոց էր սկսվել, Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը բռունցքով հարվածել էր Դավիթին։ Միջադեպից հետո 2 եղբորը ձերբակալել էին, այս պահին Միքայելն ազատության մեջ է՝ մեղադրյալի կարգավիճակով, նա ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի ու չբացակայելու վերաբերյալ ստորագրության դիմաց։

Leave a Comment