«Երկրի ժամի» 20 ամյակը՝ մոմերով ու բացօթյա միջոցառմամբ Հանրապետության հրապարակում․ «Էկոսֆերա»

«Երկրի ժամը» համաշխարհային շարժում է, որը կազմակերպվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից: Միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ ամբողջ աշխարհում խրախուսելով անհատներին, համայնքներին, ընկերություններին և տնային տնտեսություններին մարտի վերջին շաբաթ օրը՝ երեկոյան ժամը 20:30-21:30-ը, մեկ ժամով անջատել ոչ առաջնային օգտագործման էլեկտրական լույսերը։

Այս տարի միջոցառումը փոքր-ինչ տարբերվում էր, քանի որ անցկացվեց Հանրապետության հրապարակում՝ հատուկ բացօթյա արարողությամբ։ Լույսերի անջատումից հետո վառվեցին հազարավոր մոմեր։

«Երկրի ժամը» նախաձեռնությունը մեկնարկել է 2007 թվականին և արագորեն վերածվել աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումներից մեկին։ Ամեն տարի ավելի քան 190 երկիր և հազարավոր քաղաքներ միանում են նախաձեռնությանը՝ մեկ ժամով անջատելով ոչ անհրաժեշտ լույսերը և արտահայտելով հանձնառություն մեր մոլորակի պահպանության հանդեպ։

2026 թվականին աշխարհում «Երկրի ժամը» նշում է իր 20-ամյա հոբելյանը։ Երևանի քաղաքապետարանը ևս միացել էր Բնության համաշխարհային հիմնադրամի նախաձեռնությանը։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Հայարփի Հայկազյանը նշում է.

«Այս նախաձեռնությունը մեզ հիշեցնում է, որ շրջակա միջավայրի պահպանությունը միայն պետական քաղաքականությունների կամ միջազգային համաձայնագրերի շրջանակում չէ։ Այն սկսվում է յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունից և պատասխանատու վերաբերմունքից։ Լույսերի խորհրդանշական անջատմամբ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ աջակցելու էներգախնայողությանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարին և բնության հանդեպ հոգատար վերաբերմունքին»։

Leave a Comment