Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կիրակի ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանը երկու ամսով կալանավորվեց: Դատարանը բավարարեց քննչականի միջնորդությունը, այս մասին հայտնում են փաստաբանները։ Դատարանի որոշումից հետո Դավիթի մոր ինքնազգացողությունը վատացավ:

Փաստաբանները հայտնել էին, որ Դավիթը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ չբացահայտված ալերգիա ունի: Տղայի մայրը՝ դատական նիստից առաջ բաց նամակով դիմել էր դատարանին: Գայանե Մինասյանը խնդրել էր որդուն հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ՝ շեշտելով՝ որդին 4 տարեկանից ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք: Նա հավաստիացրել է, որ իր ընտանիքը պատրաստ է աջակցել դատարանի անաչառ քննությանը:

Այս գործով Դավիթի եղբայրը՝ Միքայել Մինասյանը երեկ Քննչականից ազատ արձակվեց: Խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով:

Քննչականը երեկ մեղադրանք առաջադրեց Սուրբ Աննայում տեղի ունեցած միջադեպից հետո երեք ձերբակալվածներին: 18-ամյա Դավիթ Մինասյանը մեղադրվում է խուլիգանության և պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը խոչընդոտելու նպատակով նրա նկատմամբ բռնություն գործադրելու, եղբայրը՝ Միքայելը՝ աջակցելու, իսկ հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ այս ամենը կազմակերպելու համար: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում:

Սուրբ Աննայի միջադեպի կադրերում երևում է, թե ինչպես են հավատացյալներով լեփ-լեցուն եկեղեցում վարչապետի անվտանգության աշխատողները դեպի ելք ճանապարհ բացում, երբ եղբայրներից մեկը բողոքում է իրեն իր տեղից հեռացնելու համար, ինչից հետո ձեռքը մեկնում է վարչապետի ուղղությամբ:

Կադրերում երևում է նաև, թե ինչպես է Դավիթը ենթադրաբար անվտանգության աշխատակցի հարվածից վայր ընկնում ու հետո ոտքի կանգնում: Փաստաբանը պնդում է՝ վարչապետին ուղղված հարված չի եղել այն, ինչի համար ՔԿ-ն մեղադրում է Դավիթին:

Leave a Comment