Երևանի 94 մանկապարտեզում պահանջում են աշխատանքից ազատել տնօրենին – armeniatoday.am

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 94 մանկապարտեզի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով աշխատանքից հեռացնել տնօրեն Փառանձեմ Միրիբյանին։

Նրանք հայտարարել են, որ այդ պահանջով ստորագրահավաք են իրականացրել, որի հիմքով մարտի 31-ին դիմում են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, բայց դեռ պատասխան չեն ստացել։ Այս պահի դրությամբ աշխատակիցները 79 ստորագրություն ունեն։ Նրանք տեղեկացրել են, որ այսօր հանդիպում են ունենալու համայնքապետարանում։

Ակցիայի մասնակիցները նշել են, որ պահանջում են տնօրենին ազատել՝ մանկապարտեզում անառողջ մթնոլորտ ստեղծելու պատճառով։ Նրանց խոսքերով՝ տնօրենը «անհարգալից ու նվաստացնող վերաբերմունք է ցուցաբերում դաստիարակների, դայակների և ամբողջ աշխատակազմի նկատմամբ»։

Ներկաներից մեկը հավելել է, որ տնօրենը պաշտոնում է մեկուկես տարի, սակայն այդ ընթացքում արդեն շուրջ 10 աշխատակից հեռացել է աշխատանքից։

«Թեև ձևակերպվում է, որ նրանք դիմումի համաձայն են հեռացել, բայց որևէ մեկը չի հետաքրքրվել՝ ինչո՞ւ է այդքան մարդ լքում աշխատանքը։ Դա պատահական չի կարող լինել»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա փոխանցմամբ՝ դաստիարակները շարունակում են ազատման դիմումներ գրել, քանի որ չեն կարող աշխատել այդ պայմաններում։

Ակցիայի մասնակիցները տեղեկացրել են, որ տնօրենի հետ հանդիպում չի կայացել, թեպետ այդ առաջարկն արել են նրան։

«Ինչ վերաբերում է երեխաներին, նրանք փոքր են և ամբողջությամբ չեն գիտակցում իրավիճակը, բայց լինում են դեպքեր, երբ ասում են, որ դաստիարակները տխուր են կամ լացում են։ Բացի այդ, ունենք ներառական երեխաներ, որոնց համար անհրաժեշտ մասնագետներ չկան։ Հաստիքները կան, բայց մասնագետներ՝ ոչ»,- հավելել է ակցիայի մասնակիցը։

Leave a Comment