Արևմտյան ԶԼՄ-ներում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցների հրապարակումը ցույց է տալիս, որ հենց Արևմուտքի երկրներն են տարբեր կերպերով միջամտում այլ պետությունների, անգամ իրենց դաշնակիցների ընտրություններին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հաղորդում է Րիա Նովոստին:
Զախարովան ընդգծել է, որ ավելի քան 10 տարի Ռուսաստանը լսել է իր հասցեին ընտրություններին միջամտելու մեղադրանքներ, սակայն Հունգարիայում քվեարկության շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, թե իրականում ով է փորձում ազդել այլ երկրների ընտրությունների արդյունքների վրա։
«Երեկ՝ 2026 թվականի մարտի 31-ին, ամբողջ աշխարհը ստացավ ապացույցներ, որ ոչ թե Ռուսաստանն է միջամտում իրենց ընտրություններին, այլ հենց արևմտյան երկրներն են միջամտում ընտրություններին ամբողջ աշխարհում», — ասել է դիվանագետը՝ «Sputnik» ռադիոյի եթերում մեկնաբանելով ԱԳ նախարարների խոսակցության մասին ԶԼՄ հրապարակումները։