Սյունիքի Լեհվազ գյուղում շուտով մաքուր խմելու ջուր կունենան

Լեհվազը Սյունիքի մարզի ամենամեծ գյուղերից մեկն է։ Լեհվազի շուրջ 600 բնակիչները մինչև օրս խմելու ջուրը վախենալով են օգտագործում, քանի որ այն չի քլորացվում ու զտվում։ «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա» նախաձեռնության ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ գյուղում հունային ջրընդունիչ և ջրի օրական կարգավորման 2 ջրամբար է կառուցվում։ Հիմնական շինարարական աշխատանքներն ավարտվել են ու շուտով լեհվազցիները բոլոր չափանիշներին համապատասխանող խմելու ջուր կունենան։

Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի բնակիչ Ռուբինա Բաղդասարյանը բազմազավակ մայր է՝ 6 երեխա ունի՝ 1 աղջիկ, 5 տղա։ Ռուբինան պատմում է իրենց գյուղի ջրի հետ կապված խնդիրների մասին։ Ասում է՝ չնայած իրենք ջրի զտիչ սարքեր են տեղադրել տանը, բայց միշտ մտավախություն են ունեցել, որ այդ ջրից երեխաները կարող են հիվանդանալ։

«Ֆիլտրը դնում ենք, հավաքում ա կեղտերը, 10 օրը մեկ փոխում ենք, մաքրում, որպեսզի մաքուր ջուր ունենանք տանը»։

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն է պատմում Լեհվազի տարիներով չլուծված խմելու ջրի խնդրի մասին․

«Բողոք ա եղել, որ ջրի մեջ ինչ ասես՝ լինում էր՝ ջրային որդերից սկսած, ավազից․․․ ամեն ինչ եղել ա, խոտ, նույնիսկ մանր քարեր, որովհետև չէր ֆիլտրվում»։

Մոտ մեկուկես տարի առաջ Մեղրիի համայնքապետարանը բարձրացրեց Լեհվազի խմելու ջրի գլխամասային ջրամաբար կառուցելու հարցը։ Ծրագիրը սկսեց իրականանալ «Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում։ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյան․

«Մենք այս ամեն ինչը կատարում ենք մարզպետարանի հետ, Եվրամիությունից ովքեր գալիս են ներդրումային աշխատանք կատարելու, մարզպետը մեզ հրավիրում է իրենց նստավայր, շփվում ենք անմիջապես ներդրողների հետ և առաջարկներ ներկայացնում»։

 ԵՄ-ի և Ավստրիայի ֆինանսավորմամբ իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» աջակցությամբ  կառուցվեց Լեհվազի խմելու ջրամատակարարման արտաքին ցանցի գլխային հանգույցը։ Մոտ 41 մլն դրամ է ծախսվել հունային ջրընդունիչի և օրական կարգավորման 2 ջրամբարի կառուցման համար։ Այս գործում ներդրում է ունեցել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Լսենք «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» համայնքային նախաձեռնությունների պատասխանատու Լևոն Ավանեսյանին․

«Կառուցվել է ենթահունային ջրահավաք, իր երկաստիճան ավազակոճային ֆիլտրացումով։ Ավտոմատ կերպով անցնելով քլորացման կայանով, մղվելու է օրական 50 խմ ջուր ջրամատակարարման ՕԳՋ։ Ջուրը երկաստիճան ֆիլտրվելու է, ու հասնի բնակիչներին»

Սասուն Զաքարյանը, որ 20 տարուց ավել Լեհվազի գյուղապետն է եղել, ասում է՝ խմելու ջրի հարցը միշտ օրակարգային է եղել։ Նա հիմա ուրախ է, որ խնդիրը վերջապես լուծվել է։

«Ջուր ունեցել ենք, բայց մաքուր չի եղել, ոնց որ գետից վերցնեինք, բերեինք օգտագործեինք։ Հիմա վերակառուցել են, մնում ա շահոգործել։ Տարածաշրջանի ամենամեծ գյուղն է զարգացած գյուղ է՝ գազիֆիկացված է, մանկապարտեզ ունենք, դպրոց ունենք»։

600 բնակիչ ունեցող Լեհվազում անհամբերությամբ են սպասում խմելու ջրատարի գործարկմանը։ Պատասխանատուները հավաստիացնում են, որ ուշացումներ չեն լինի, ու առաջիկայում լեհվազցիները մաքուր խմելու ջուր կունենան։

Leave a Comment