Թիրախում ամեն ի՞նչ․ Իրան-ԱՄՆ կոնֆլիկտի վերահսկողության հնարավոր կորուստը մտահոգում է փորձագետներին

Միջազգային մամուլը գրում է, որ Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտությունն այժմ կողմերի վերահսկողությունից դուրս գալու եզրին է, իսկ հակամարտության էսկալացիան մեծացնում է համաշխարհային տնտեսական խնդիրների ռիսկը։ Global Times թերթն այս մասին  հոդվածում առավել տագնապալի ազդանշան է համարում թիրախների ընտրության հարցում սահմանափակումների վերացումը։  ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի կրթական հաստատությունների թիրախավորումից հետո պաշտոնական Թեհրանն օրինական թիրախ է հայտարարել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարանները։ Այս համատեքստում անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել նաև Հայաստանում ամերիկյան համալսարանը՝ հայտարարելով հեռավար ուսուցման անցնելու մասին։

Հայաստանի Ամերիկյան համալսարանը, անվտանգության նկատառումներից ելնելով, անցել է առցանց ուսուցման՝ հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի  հնչեցրած սպառնալիքները։ Այս մասին ասված է ՀԱՀ-ի  հայտարարության մեջ, որում մի քանի տարբեր ձևակերպումներով ընդգծվում է, որ դա պարզապես նախազգուշական միջոցառում է: Մեջբերում․

«Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա»։

Համալսարանը  հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։

Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններն այսուհետ օրինական թիրախներ են։ Նման հայտարարության պատճառ են մատնանշվել իրանական բուհերին, այդ թվում՝ Թեհրանի Գիտության և արդյունաբերության համալսարանին հասցված հարվածները։ Դրանք ԻՀՊԿ-ն անվանել է երկրի կրթական ենթակառուցվածքների վրա կրկնվող հարձակումներ և  հայտարարել․

«Սպիտակ տան կարճատես տիրակալները պետք է իմանան, որ այսուհետև «օկուպացիոն ռեժիմի» բոլոր համալսարանները, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ամերիկյան համալսարանները… մեզ համար կհամարվեն օրինական թիրախ»։  

ԻՀՊԿ-ն նաև խորհուրդ է տվել տարածաշրջանի ամերիկյան ուսումնական հաստատությունների աշխատակիցներին, դասախոսներին ու ուսանողներին, ինչպես նաև մերձակա տարածքների բնակիչներին՝ նման օբյեկտներից առնվազն մեկ կիլոմետր հեռավորություն պահպանել։

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ին առաջարկվել է պաշտոնապես դատապարտել համալսարաններին հասցված հարվածները։ Հակառակ դեպքում հնչեցված սպառնալիքները կարող են իրականացվել։ Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարի․  

«Քանի դեռ  մեր կամքը չի ընդունվել` ոչ մի իրավիճակ չի վերադառնա նախկին հունին։ Այդպես կլինի միայն այն ժամանակ, երբ Իրանի ժողովրդի դեմ ագրեսիվ գործողությունների ցանկությունը լիովին մաքրվի ձեր կեղտոտ մտքերից։ Մեր առաջին և վերջին խոսքը հենց առաջին օրվանից եղել է, կա և կլինի»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր տվել դադարեցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելը՝ Հորմուզի նեղուցը բացելու համար մինչև ապրիլի 6-ը Իրանին ժամանակ տալով։ Հակառակ դեպքում՝ սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայանները։ Իր հերթին Իրանը սպառնացել է որպես պատասխան՝ հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի էներգետիկ օբյեկտներին։ Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ բանակցությունների մասին էր հայտնել.

«Մենք շատ-շատ կարևոր բանակցություններ ենք ունեցել։ Կտեսնենք, թե դրանք ուր կհասնեն։ Մենք ունենք համաձայնության կետեր, կասեի՝ գրեթե բոլոր կետերը։ Հնարավոր է՝ դա չի փոխանցվել։ Հաղորդակցությունը, ինչպես գիտեք, կտոր-կտոր է եղել։ Նրանք չեն կարողանում միմյանց հետ խոսել, բայց մենք շատ կարևոր բանակցություններ ենք ունեցել։ Պարոն Ուիթքոֆը և պարոն Քուշները դրանք ունեցել են։ Դրանք, կասեի, կատարյալ են անցել»։

Իրանը, սակայն, հերքել էր, թե առհասարակ բանակցություններ տարվում են։ Իսկ ահա, The Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի 13 000 թիրախի, և որ մնացել է խոցելու մոտ 3000 թիրախ։

Միջազգային վերլուծաբանները  ներկա իրավիճակը գնահատում են   անորոշություններով լի և ահազանգում՝ երբ փոխադարձ ոչնչացման ռեժիմը այսպես ասած «նորմալ» դառնա, դա կհանգեցնի էլ ավելի ծանր հումանիտար աղետների։ Global Times թերթը, մասնավորապես, գրում է. մեջբերում

«Հակամարտությունն այժմ  վերահսկողության լիակատար կորստի եզրին է, երբ ամեն սխալ և  էսկալացիա կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների»։

Ըստ փորձագետների՝ դա տեղի կունենա, եթե հակամարտության   կողմերը չպահպանեն հանգստությունն ու բանականությունը, չհրաժարվեն առճակատման մտածողությունից և բաց թողնեն խաղաղության անցողիկ հնարավորությունը։ Այս ընթացքում Իրանը շտապեց հերքել ԱՄՆ-ի և Իսրայելի պնդումներն այն մասին, թե Իրանի զինված ուժերը կասետային զինամթերքով ռումբեր են օգտագործում։ 

Իրանի արտաքին գործերի  նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային էլ հաստատել է, որ Իրանը միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներից բանակցություններ անցկացնելու առաջարկ է ստացել։  

Leave a Comment