Խորապես ցավում ենք Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի առնչությամբ, ինչը խաթարեց սրբավայրում տիրող տոնական աղոթական մթնոլորտը․ տեղեկացնում են Մայր Աթոռից։
«Վարչապետի կարճատև այցի ընթացքում արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական, ոչ կանոնական գործողությունների, որոնք վիրավորում են հավատացյալների կրոնական զգացումները և տեղիք տալիս նման ընդվզումների։
Ուստի, Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին անհիմն մեղադրելու փոխարեն պետք է անդրադառնալ և վերանայել Եկեղեցու, եկեղեցականների և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ իշխանությունների որդեգրած դիրքորոշումները, որոնք ազգավնաս են, պառակտում են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթների»,- ասված է հաղորդագրությունում։