Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին դատապարտել է իսրայելական հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների, ենթակառուցվածքների և համալսարանների վրա:
«Իսրայելը և նրա հանցակիցը կարծում են, որ գիտելիքը կարելի է ոչնչացնել ռմբակոծություններով: Դա դրսևորվում է իրանցի գիտնականների սպանություններով և Իրանի միջուկային օբյեկտների, իսկ այժմ՝ համալսարանների վրա հարձակումներով: Իրականությունն այն է, որ ձեր գործողությունները թելադրված են հուսահատությամբ», -գրել է Արաղչին X սոցիալական ցանցում:
Թեհրանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի աշխատակից Հելիեյ Դուտագին Al Jazeera-ին հայտնել է, որ մարտի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից առաջ որևէ նախազգուշացում չի եղել: Անցած շաբաթ հարվածների հետևանքով զոհվել է համալսարանի պրոֆեսոր Սաիդ Շամախդարին: Դուտագիի խոսքով, Իրանի համար օրիանական թիրախ է դառնում ցանկացած ամերիկյան համալսարան։
Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է, որ Իրանի սպառնալիքների ֆոնին երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Հարվածների թիրախում էին Իրանի միջուկային օբյեկտները, ինչպես նաև երկրի ռազմական ենթակառուցվածքները: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ էին հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:
