«Խաղաղությո՞ւն», թե՞ խաղաղություն․ նախընտրական պայքարն ու պատերազմի վտանգը անձնավորվում են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում պարզաբանել է, թե ում նկատի ունի, երբ խոսում է պատերազմի վտանգի մասին։ 10 րոպեանոց ուղերձում նա նշել է երեք գործիչների անուններ, որոնք արդեն հայտարարել են հունիսի 7–ի ընտրություններին մասնակցելու մասին։

Խաղաղություն մասին հեռակա բանավեճը, որն արդեն սկսվել է, ամենայն հավանականությամբ կդառնա նաև նախընտրական պայքարի գլխավոր առանցքը։ «Ռադիոլուր»–ը փորձել է հասկանալ, թե  իրականում որ ուժերն ինչ նկատի ունեն խաղաղություն ասելով, և որ դեպքում այն կարելի է ընկալել որպես չակերտների մեջ տեղավորվող հասկացություն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղերձով մանրամասնել է, թե որ գործիչներին նկատի ունի, երբ խոսում է ընտրություններում նրանց հաղթանակի դեպքում պատերազմի հնարավորության մասին։ Ընտրապայքարի մեջ մտած բազմաթիվ գործիչներից նա առանձնացրել է երեքին։ Փաշինյանը նրանց ներկայացրել է մեկ ամբողջության մեջ, թեև նրանք դիրքավորվել են որպես առանձին միավորներ։

«Պատերազմի եռագլուխ Քոչարյան–Կարապետյան–Ծառուկյան կուսակցությունը փորձում է համոզել, թե 2024-2025 թ–ից առաջ մենք ունեցել ենք խաղաղություն նաև՝ 2018 թ․ առաջ։ Իհարկե, այս պնդումը ցինիկ սուտ է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ ընդհանրապես անկախությունից ի վեր և 1994 թվականի հրադադարից հետո էլ մենք ամեն տարի ունեցել ենք զոհեր և վիրավորներ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով։ Ընդ որում՝ զոհերը հարյուրավոր են, վիրավորների թիվը էականորեն ավելի մեծ է, և սա թերևս նրանց պատկերացումն է խաղաղության մասին»։  

Իշխող կուսակցության պատկերացումներն այդ հարցում հակառակ բովանդակությունն ունեն։ Փաշինյանի պարզաբանմամբ՝ խաղաղություն նշանակում է զոհերի, վիրավորների և որևէ լարվածության բացակայություն։ Հայաստանի վարչապետը հիշեցնում է, որ նախորդող շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով եղել են փոխհրաձգություններ, դիպուկահարների «մարտեր» կամ «մինիպատերազմներ»։ Սրա կողքին ներկայացնում է այլ իրավիճակ․ 2025 թվականն օրացուցային առաջին տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության պատճառով չեն եղել զոհեր և վիրավորներ, իսկ գործնականում զոհեր և վիրավորներ չենք ունեցել 2024 թ․ փետրվար–մարտից, ասում է վարչապետը։

Հայաստանի նախկին ղեկավարներից երկրորդ նախագահի թիմին է բնորոշ նախընտրական այն խոսույթը, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիները եղել են ամենախաղաղն ու հանգիստը՝ առանց սահմանային էական միջադեպերի։ Այս փաստը վերջին շրջանում պարբերաբար հիշեցնում է նաև հենց Քոչարյանը՝ պատգամավորներ Ագնեսա Խամոյանի և Աննա Գրիգորյանի հետ փոդքաստի թողարկումներում՝ մեղադրանքի փոխադարձ սլաքներն ուղղելով գործող վարչապետին։  

«Պարադոքսալն այստեղ այն է, որ ինքը փորձում է պատերազմի վտանգը կապել մի մարդու հետ, որի նախագահության ժամանակ ամենից խաղաղ տարիներն էին։ Ես այդ միտքը, կրկնեմ գոնե մեկ միջին, այսպես ասենք, ծավալի միջադեպ չենք ունեցել սահմանների վրա, փորձ նույնիսկ չի եղել որևէ բան որևէ տեղ անել։ Ինքը խոսում է խաղաղության պայմանագրի մասին, որը գոյություն չունի։ Կա մի թուղթ, որն իրավական ուժ չունի, և այդ թղթի մասին իրենք այնքան են խոսել, որ այն դաձել է իբրև թե իրավական ուժ ունեցող թուղթ, բայց  չունի։ Եվ այդ չեղած թղթի վերաբերյալ արդեն կառուցվում են կանխատեսումները»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման առնչությամբ թեև նորություններ այս պահին չկան, բայց  Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը պարունակում է դե յուրե ամրագրում՝ պնդում է Փաշինյանը։ Բացի դրանից կա նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը 2024–ին անցել է ներպետական վավերացման բոլոր փուլերը և ուժի մեջ է այդ տարվա նոյեմբերի 1-ից: Փաստաթղթում ամրագրված է Ալմա–Աթայի հռչակագրի բազային սկզբունքը, որով կողմերը ճանաչել են, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է խորհրդային Հայաստանին, և անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է խորհրդային Ադրբեջանին։ Սա է խաղաղության հիմքը՝ պնդում է Նիկոլ Փաշինյանը։

«Ահա այս տրամաբանությունից շեղվելը ինչ ուղղությամբ տանում են պատերազմի՝ Քոչարյան–Կարապետյան–Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, այդ տրամաբանությունից շեղվելը միանշանակ և աներկբա նշանակում է պատերազմ` սրանից բխող բոլոր հետևանքներով»։

Ռոբերտ Քոչարյանի թիմում կարծում են, որ նախընտրական շրջանում շեշտը պետք է դրվի հենց այս հարցի վրա, և հանրության հստակ պատասխան տրվի՝ իրենց հաղթանակի դեպքում պատերազմ լինելու է, թե ոչ։

«Իհարկե, չի լինի։ Նիկոլ Փաշինյանն այսօր խաղաղության ամենից մեծ թշնամին է և սպառնալիք է  հենց այն պատճառով, որ չի հասկանում` ինչ է անում։ Մենք ասում ենք` մենք բերելու ենք երաշխավորված խաղաղություն և երաշխիքային համակարգ։ Ես ուղղակի համոզված եմ, որ շատ կարճ ժամանակում կարելի է ներդնել, կարելի է հասնել դրան»։

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությամբ հանդես եկող Գագիկ Ծառուկյանը նույնպես խոսում է երաշխավորված խաղաղության մասին՝ համոզված, որ առանց երաշխիքների պայմանագիրը չի կարող կանխել պատերազմը:

«Այսօր ոչ մի քաղաքական ուժ պատերազմ չի ուզում, բայց չուզենալով հանդերձ պետք է քայլեր կատարել, երբ այդ հնարավորությունը տրվի։ Այսօր բոլոր նախադրյալները կան, որ պետք է պայմանավորվել հզոր երեք, չորս, հինգ պետությունների հետ։ Դրա համար պետք է կապ, ծանոթություն, հարաբերություն, որ լինի երաշխավորած խաղաղություն, որ ասենք՝ մեր տարածքներով ճանճ էլ չանցնի։ Այսօր ի՞նչն է երաշխավորված բոլոր բարձունքների վրա ադրբեջանցիներ են նստած, մեր հողերի մեջ։ Սա է խաղաղությունը,  հա՞։ Չի կարելի, չէ՞ , բոլորն էլ հասկանում են։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորած»։

«Ուժեղ խաղաղության» մասին է խոսում  Սամվել Կարապետյանի թիմը՝ շեշտը դնելով ուժեղ տնտեսության և բանակցությունների վրա։ «Ուժեղ խաղաղություն» ծրագրում առանձնացված է վեց կետ՝ ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։

«Հայաստանի անվտանգության երաշխավորությունը կարևոր արմատական նշանակություն ունի երկարաժամկետ անվտանգության և խաղաղության համար։ Միջազգային անվտանգության համակարգը խորը վերափոխումների է ենթարկվում աշխարհում։ Այս ժամանակաշրջանում շատ կարևոր է ունենալ և պաշտպանական պոտենցիալ, և դիվանագիտական պոտենցիալ, որպեսզի մենք հնարավորություն ունենանք դիմակայել։ Մոտակա տասը տարին է որոշելու, թե որ երկիրը և որ ազգը տեղ կունենան արևի տակ»։  

Անկախ Հայաստանի անցած որևէ ժամանակաշրջանի խաղաղության կամ կայունության մասին խոսակցությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհիմն է համարում և առաջարկում է հասկանալ, թե ինչի հաշվին է եղել դա։

«Մենք նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն, այլ ունեցել ենք պատերազմի հետաձգում։ Դա էլ, ըստ էության, գին է ունեցել, որով մենք վճարել ենք, իսկ մենք վճարել ենք Հայաստանի անկախությունով, ինքնիշխանությունով, պետականությունով, Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ և տնտեսական զարգացմամբ։ Այդ «վճարամիջոցը» սպառվել էր արդեն 2016–ին, երբ տեղի ունեցավ քառօրյա պատերազմը, և բանակցային սեղանին դրվեց բոլորովին այլ տրամաբանություն, որը հօդս ցնդեցրեց  Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական պատկերացումները»։

Իր այս պնդումը վիճարկողներին Փաշինյանը հիշեցնում է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2016–ի օգոստոսի հայտնի նամակը։

Leave a Comment