Երևանի «Գլաձոր» համալսարանում տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Ժամանակակից աշխարհը և միջազգային կազմակերպությունները» թեմայով։ Սեմինարի բանախոսն էր ընդհանուր իրավագիտության ամբիոնի դասախոս Մարատ Ատովմյանը։
Բանախոսը ներկայացրեց միջազգային կազմակերպությունների ձևավորման առանձնահատկությունները, դրանց դերակատարությունն ու ազդեցությունը ժամանակակից աշխարհում՝ անդրադառնալով նաև արդի գլոբալ գործընթացներին։
Ըստ Մարատ Ատովմյանի՝ թեման առավել քան արդիական է, քանի որ աշխարհն այսօր գտնվում է բարդ և որոշ առումով անորոշ իրավիճակում։ Նրա համոզմամբ՝ ընթացող զարգացումները կարող են հանգեցնել միջազգային իրավունքի վերափոխման։
Սեմինարի հիմնական նպատակն էր ներկայացնել միջազգային կազմակերպությունների ստեղծման նախապատմությունը և դրանց ազդեցությունը հանրային իրավունքի սկզբունքների ձևավորման վրա։
Միջոցառմանը ներկա էին «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը, իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ, ինչպես նաև տարբեր կուրսերի ուսանողներ։
Սեմինարն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում․ մասնակիցները հնարավորություն ունեցան հնչեցնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ։
Ռեկտոր Ջհանգիրյանի խոսքով՝ նման սեմինարների կազմակերպումն ու քննարկումը կարևոր և անհրաժեշտ բաղադրիչ են իրավագիտության ֆակուլտետի համար։ Նա ընդգծեց, որ սեմինարի նպատակն էր ներկայացնել մեզ շրջապատող իրականության ներկա պատկերը և փորձել հասկանալ Հայաստանի Հանրապետության տեղն ու դերը այս բարդ ու փոփոխական աշխարհում։
Սեմինարի մասնակից, իրավագիտության ֆակուլտետի ուսանող Մարիամը կարևորեց միջոցառումը, նշելով, որ այն շատ օգտակար էր նրա համար, քանի որ նա նոր է սկսել ուսումնասիրել և ծանոթանալ միջազգային իրավունքին։