Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում ԿԳՄՍՆ կողմից հանրային քննարկման դրված նախագիծը։
2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը։
ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելով՝ առաջացել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ կատարել տվյալ ենթաօրենսդրական իրավական ակտում՝ այն գործող իրավական կարգավորումներին համադրելու նպատակով։
Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել «հաստատության լիազոր մարմին» հասկացության հետ կապված իրավահարաբերություններն ու կարգավորումները: Միաժամանակ սահմանվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և համապատասխան մարզպետի աշխատակազմը (Երևանի քաղաքապետարանը) հանրակթական ուսումնական հաստատությունների խորհուրդներում առաջադրելու են մեկական անդամ:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Կրթության մասին» օրենքի 40.1. հոդվածի 1-ին կետով սահմանված է որակավորման միասնական պահանջ և միասկանան հավաստագրման գործընթացի սահմանման անհրաժեշտություն է առաջացել, սույն նախագծով առաջարկվում է սահմանել նախադպրոցական, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրի տրամադրման միասնական կարգը, ինչպես նաև կարգավորել հավաստագրման, բողոքարկման և հավաստագրի գործողության դադարեցման հետ կապված իրավահարաբերությունները։
Կատարվող փոփոխությունը
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի «Պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանի հավելվածի՝
- 2-րդ կետում «դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), մարզպետի աշխատակազմը և Երևանի քաղաքապետարանը (այսուհետ` լիազորված մարմին) հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության կազմակերպում և ապահովում են» բառերը փոխարինել «կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում հաստատության լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության կազմակերպում և ապահովում է» բառերով:
Պետական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) հիմնվելու դեպքում կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում հաստատության լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության կազմակերպում և ապահովում էհաստատության խորհրդի անդամների ընտրության գործընթացը:
- 5-րդ կետի 2-րդ ենթակետում «լիազորված մարմինը» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմը (Երևանի քաղաքապետարանը)» բառերով:
Խորհրդի անդամներին առաջադրում են
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ՝ նախարար),
- համապատասխան մարզպետի աշխատակազմը (Երևանի քաղաքապետարանը,
- յուրաքանչյուր հաստատության մանկավարժական խորհուրդը,
- յուրաքանչյուր հաստատության ծնողական խորհուրդը,
- համայնքի ղեկավարը:
- 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետրյալ բովանդակությամբ.
«8. Նախարարը և մարզպետի աշխատակազմը (Երևանի քաղաքապետարանը) հաստատությունների խորհուրդներում առաջադրում են մեկական անդամ:»:
- 9-րդ կետում «հաստատությունները» բառը փոխարինել «ավագ դպրոցները» բառերով:
Մարզերում նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցները միավորվում են մեկ միասնական խորհրդում՝ պահպանելով սույն կարգի պահանջները:
- 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
- 12-րդ կետում «լիազորված մարմինի» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի)» բառերով:
Հաստատության խորհրդի կազմում նախարարի, համապատասխան մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի, համայնքի ղեկավարի, մանկավարժական խորհրդի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել տվյալ հաստատության աշխատակից համարվող անձը
- 16-րդ կետում «լիազորված մարմինի» բառերը փոխարինել «նախարարի և մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի)» բառերով:
Հաստատության ենթակայության փոփոխության դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարի և մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի) կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը և խորհրդի անդամների առաջադրումը համապատասխանեցվում է սույն կարգի 10-րդ կամ 12-րդ կետերի պահանջներին:
- 26-րդ կետում «վայրի» բառին հաջորդող «և» տառը փոխարինել «,» կետադրական նշանով:
Խորհրդի նախագահի առաջադրմամբ և խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է քարտուղար, որն արձանագրում է խորհրդի նիստերը։ Քարտուղարը խորհրդի յուրաքանչյուր նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ խորհրդի նիստի օրվա, վայրի, ժամի և օրակարգի մասին գրավոր ծանուցում է յուրաքանչյուր անդամի։