ԱԺՄ-ն ընտրություններին չի մասնակցի – PanARMENIAN.Net

ԱԺՄ-ն ընտրություններին չի մասնակցի

30 մարտի 2026 – 13:38 AMT

PanARMENIAN.NetԱզգային ժողովրդավարական միությունը (ԱԺՄ) առաջիկա ընտրություններին չի մասնակցելու: Այդ մասին ասվում է Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ:

Ըստ կուսակցության, շատ կարևոր է, որ ընտրությունների ժամանակ տեղի չունենա ձայների փոշիացում, և ամբողջ ժողովուրդը մասնակցի ընտրություններին

«Առջևում հերթական ընտրություններն են, որոնք այնուամենայնիվ հերթական չեն իրենց նշանակությամբ։ Այս տեսանկյունից մտահոգիչ է, որ ընդդիմության գործելակերպը նման է սովորական ընտրություններին մասնակցելուն։ Իսկ թե ինչ է նշանակում գնալ սովորական ընտրությունների, մենք դա արդեն տեսել ենք։

Մեր կուսակցությունն առաջարկել է, թե ինչպես է ճիշտ այս ընտրություններում ընդդիմության մասնակցությունը․ ընտրություններին գնալ 2-3 քաղաքական ուժերով՝ ունենալով մեկ միասնական մանիֆեստ գաղափարների և գործելակերպի վերաբերյալ, որը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի կործանարար պրոյեկտի հակակշիռը:

Այս իշխանությունն արդեն սպառված է։ Բայց եթե ընտրությունների հետևանքով նորից վերարտադրվի, ապա մենք հետզհետե կորցնելու ենք մեր ինքնության ձողերը, մեր կամքը և զրկվելու ենք բարեկեցիկ, ազատ, ապահով և հպարտորեն առաջ գնացող անկախ պետություն ունենալու հնարավորությունից, որի բոլոր նախնական պայմանները կան։

Իշխանությունների դեմ պայքարում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք մեր ժողովրդին առաջարկում են այս խորը փոսից դուրս գալու տարբեր ճանապարհներ և փորձում կանխել ներկա իշխանությունների վերարտադրության հնարավորությունը։ Մենք այդ պայքարի մեջ ենք եղել և կանք՝ օգնելով և աջակցելով այդ քաղաքական ուժերին։

Այժմ շատ կարևոր է, որպեսզի ընտրությունների ժամանակ տեղի չունենա ձայների փոշիացում, և ամբողջ ժողովուրդը մասնակցի ընտրություններին։

Մեր բաժին առաքելությունն այս ընտրություններում մենք տեսնում ենք ոչ թե մեր կուսակցությամբ առանձին մասնակցելու կամ արդեն ձևավորված անցողիկ քաղաքական ուժերից որևէ մեկին միանալու ձևաչափով, այլ այդ ուժերին օգնելով իրականացնելու իրենց ծրագրերը, այն է՝ դուրս բերել Հայաստանը դեպի զարգացման ուղի>,-ասվում է հայտարարության մեջ:

Կոչ է արվում կուսակցության անդամներին ու համակիրներին ակտիվորեն աջակցել ընդդիմադիր այն քաղաքական ուժերին, որոնք իրենց գաղափարներով մոտ են ԱԺՄ-ի գաղափարներին՝ անկախություն, ինքնիշխանություն, պաշտպանություն, Արցախյան հարց, երկրի ներքին կյանքի կազմակերպման հարցեր, հայկական պետության համակարգված աշխատանք համաշխարհային հայկական կառույցների հետ և այլն։

Նշվում է նաև, որ ընդդիմության հաղթանակը հնարավոր է։

«Անկախ ընտրությունների արդյունքներից՝ ԱԺՄ-ն շարունակելու է պայքարել իր գաղափարների իրագործման համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Leave a Comment