«Մերսետես»-ի վարորդ Քիմի Անթոնելլի երէկ առաւօտ շահեցաւ «Ֆորմիւլա 1»-ի տարեշրջանի 3-րդ կրան փրին` Ճափոնի մէջ:
Արդարեւ, Սուզուքայի շրջավազքին վրայ տեղի ունեցած մրցումին, Անթոնելլի (19 տարեկան) 13 երկվայրկեանի լայն առաւելութեամբ գերազանցեց «Մաքլարեն»-ի աւստրալիացի վարորդ Օսքար Փիասթրին եւ «Ֆեռարի»-ի վարորդ Շարլ Լըքլերը (15 երկվայրկեան)` դառնալով ընդհանուր դասաւորման ամէնէն երիտասարդ պարագլուխի դիրքը գրաւող, շահելէ ետք իր յաջորդական երկրորդ կրան փրին:
Անթոնելլիի խմբակից Ճորճ Ռասըլ չար բախտին պատճառով գրաւեց 4-րդ դիրքը, մանաւանդ որ իր մրցակիցները օգտուեցան Օլիվըր Պերմընի արկածէն` անիւները փոխելով «սէյֆթի քար»-ի պահուն, մինչ ինք ժամանակ կորսնցուցած էր արկածէն քիչ առաջ փոխելով:
Շրջավազքին նեղ ըլլալն ալ պատճառներէն մէկն էր անոր ետ մնալուն: Անցեալ տարուան ախոյեան Լանտօ Նորիս իր «Մաքլարեն»-ով 5-րդ դիրքը գրաւեց, մինչ 4 անգամ աշխարհի ախոյեան Մաքս Վերշթափըն շատ աւելի դանդաղ «Ռետ Պուլ»-ով գրաւեց 8-րդ դիրքը` մնալով Փիեր Կասլիի («Ալփին») ետին, նոյն Ռասըլի պայմաններով` նկատի ունենալով, որ Սուզուքայի շրջավազքը համեմատաբար նեղ է, եւ դժուար է անցնիլ մրցակից վարորդներու:
Ստորեւ արդիւնքները եւ ընդհանուր դասաւորումը` նկատի ունենալով, որ Միջին Արեւելքի պատերազմին պատճառով ջնջուեցան Պահրէյնի եւ Սէուտական Արաբիոյ կրան փրիները եւ մինչեւ 3 մայիս որեւէ կրան փրի չկայ: Մայեմի (Միացեալ Նահանգներ) պիտի հիւրընկալէ յաջորդ կրան փրին:
| ԿԷՏ | |
| 1.- Քիմի Անթոնելլի («Մերսետես») | 25 |
| 2.- Օսքար Փիասթրի («Մաքլարեն») | 18 |
| 3.- Շարլ Լըքլեր («Ֆեռարի») | 15 |
| 4.- Ճորճ Ռասըլ («Մերսետես») | 12 |
| 5.- Լանտօ Նորիս («Մաքլարեն») | 10 |
| 6.- Լուիս Համիլթըն («Ֆեռարի») | 8 |
| 7.- Փիեր Կասլի («Ալփին») | 6 |
| 8.- Մաքս Վերշթափըն («Ռետ Պուլ») | 4 |
| 9.- Լիամ Լոսըն («Ռէյսինկ Պուլզ») | 2 |
| 10.- Էսթեպան Օքոն («Հաաս») | 1 |
| ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Անթոնելլի (Իտալիա) | 72 |
| 2.- Ռասըլ (Բրիտանիա) | 63 |
| 3.- Լըքլեր (Մոնաքօ) | 49 |
| 4.- Համիլթըն (Բրիտանիա) | 41 |
| 5.- Նորիս (Բրիտանիա) | 25 |
| 6.- Փիասթրի (Աւստրալիա) | 21 |
| 7.- Պերմըն (Բրիտանիա) | 17 |
| 8.- Կասլի (Ֆրանսա) | 15 |
| 9.- Վերշթափըն (Նետերլանտներ) | 12 |
| 10.- Լոսըն (Նոր Զելանտա) | 10 |