
Ֆրանսիայի իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչական հարձակում Փարիզում՝ Bank of America-ի մասնաճյուղի դեմ։
Ֆրանսիայի դատախազության հաղորդմամբ՝ կասկածյալը ձերբակալվել է մարտի 28-ի գիշերը՝ պայթուցիկ սարք տեղադրելու փորձի պահին։ Քննիչների տվյալներով՝ նրա մոտ հայտնաբերված ինքնաշեն պայթուցիկ սարքը բաղկացած էր հինգ լիտրանոց բալոնից, ենթադրաբար՝ վառելիքով լցված, և պիրոտեխնիկական սարքից, որը նախատեսված էր որպես դետոնատոր։ Տղամարդուն նկատել են պարեկները՝ պայթուցիկը գործի դնելու փորձի ժամանակ։
Ըստ հետաքննության՝ ձերբակալվածը գործել է հանցակցի հետ, որը պետք է տեսագրեր միջադեպը։ Վերջինս կարողացել է փախչել։ Կասկածյալը պնդում է, որ իրեն հավաքագրել են Snapchat-ի միջոցով՝ խոստանալով 600 եվրո։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը դեպքը որակել է որպես ահաբեկչական հարձակում, գործը փոխանցվել է հակաահաբեկչական դատախազությանը։
Աղբյուրների համաձայն՝ միջադեպը կարող է կապ ունենալ Թեհրանից հնչող սպառնալիքների հետ և դիտարկվում է որպես Եվրոպայում ամերիկյան և իսրայելական շահերի դեմ ուղղված գործողությունների մաս։
Մերձավոր Արևելքում լարվածության սրումից հետո Եվրոպայում արձանագրվել են նմանատիպ այլ միջադեպեր։