Այսօր Ծաղկազարդ է՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ

Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է: Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը, ընդհանրապես, առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով: Ս. Պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնություն, ի հիշատակ ավետարանական այն դրվագի, երբ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): 

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրը՝ արևելքից մոգերի բերած ընծաները: 

Ծաղկազարդի կիրակիով սկսվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունների հիշատակության օրերը:

Այդ շաբաթը կոչվում է Ավագ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց. 

  • ԾԱՂԿԱԶԱՐԴ (մարտի 29)

Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն — ժամը 10:00 

Սուրբ Պատարագ — ժամը 11։00

Դռնբացեքի կարգ — ժամը 17։30

  • ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (մարտի 31)

Երեկոյան ժամերգություն — ժամը 17:30

  • ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 2)

Առավոտյան ժամերգություն, ավարտին՝ Կարգ ապաշխարողաց — ժամը 8:00

Սուրբ Պատարագ — ժամը 10:30

Ոտնլվայի կարգ — ժամը 16:00

Խավարման կարգ — ժամը 19:00

  • ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 3)

 Խաչելության կարգ — ժամը 12։00

 Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ — ժամը 17:30

  • ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 4)

 Առավոտյան ժամերգություն — ժամը 8:00

 Ճրագալույցի Սուրբ Պատարագ — ժամը 17։30

  • ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 5)

 Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ — ժամը 10:30

Leave a Comment