Արհեստական բանականություն, քվանտային տեխնոլոգիաներ ու դրոններ․ Եվրամիությունը 115 միլիոն եվրո կհատկացնի պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման համար։ «Agile» ծրագիրը նպատակ ունի սերտացնել տեխնոլոգիական ընկերությունների և պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը։ Վաշինգոնի հետ հարաբերություններում առկա տարաձայնությունների ֆոնին Բրյուսելը հայտարարում է․ Եվրոպան պետք է պատրաստ լինի վաղվա պատերազմներին։
Եվրամիությունը մտադիր է արագացնել պաշտպանական նորարարական տեխնոլոգիաների զարգացումը և այդ նպատակով կհատկացնի 115 միլիոն եվրո։ Agile անվամբ նոր ծրագիրը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը։
«Պատերազմները ներկա իրողություններում «դրամատիկ փոփոխությունների» են ենթարկվում, ուստի մեր զինված ուժերը կարիք ունեն նոր տեխնոլոգիաների, արագ մատակարարման, որպեսզի լինեն «ավելի խելացի և արագ, քան հակառակորդներինը», — բացատրել է նա։ «Մենք պետք է պատրաստ լինենք հաղթելու վաղվա պատերազմներում», — շարունակել է Կուբիլիուսը»։
ԵՄ տեխնոլոգիաների հանձնակատար Հեննա Վիրկկունենը նշել է, որ «Agile» ծրագիրը նպատակ ունի միավորելու Եվրոպայի «նորարարական տեխնոլոգիական ընկերությունները պաշտպանական արդյունաբերության հետ»՝ արագացնելու պաշտպանական նորարարությունների մշակումը և փորձարկումը, ինչպես նաև դրանց մուտքը շուկա։
Փորձնական փուլի ընթացքում կֆինանսավորվի 20-30 նախագիծ, որոնցից յուրաքանչյուրը կստանա 1-5 միլիոն եվրո: Եվրոպական հանձնաժողովը կխրախուսի մշակումները արհեստական բանականության, քվանտային տեխնոլոգիաների և անօդաչու սարքերի արտադրության ոլորտներում: Ուշադրության կենտրոնում կլինեն ԵՄ երկրների, Եվրոպական ազատ առևտրի գոտու և Ուկրաինայի փոքր և միջին ձեռնարկություններն ու ստարտափները:
Նախագծերի հաստատման գործընթացը, կանխատեսումների համաձայն, կլինի «աննախադեպ կարճ»՝ ընդամենը չորս ամիս, իսկ զինված ուժերում նոր տեխնոլոգիաների ներդրումը կտևի մեկից երեք տարի:
Ծրագիրը կֆինանսավորվի ԵՄ բյուջեից: Եվրոպական հանձնաժողովի առաջարկը պետք է հաստատեն ԵՄ խորհուրդը և Եվրախորհրդարանը, մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարեսկզբին:
Միացյալ Եվրոպան շտապում է, քանի որ ճիշտ նույն ժամանակահատվածում՝ 2027–30 թվականներին, ըստ կանխատեսումների, հնարավոր են ուղիղ բախումներ, ուստի Բրյուսելն ակտիվորեն պատրաստվում է ապագա պատերազմներին՝ վերափոխելով իր պաշտպանական ռազմավարությունը՝ ի պատասխան աշխարհաքաղաքական սպառնալիքների աճի, մասնավորապես՝ Ռուսաստանից:
ԵՄ-ն Վաշինգտոնի հետ հարաբերություններում առկա անորոշության պայմաններում դիմում է անհապաղ գործողությունների: Եվրոպայի՝ «վաղվա պատերազմներին» նախապատրաստման հիմնական ասպեկտները հետևյալն են․ «Պատրաստվածություն 2030» 2025 թվականի մարտի 4-ին Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրեց ԵՄ ռազմական կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագիր։
Մյուս ծրագիրը պաշտպանական ներդրումներն են, որի համար, ինչպես նշեցինք օրերս հատկացվել է 115 միլիոն եվրո։
Միացյալ Եվրոպան ձեռնարկում է նաև քայլեր քաղաքացիական պատրաստվածության ուղղությամբ․ անվտանգության գործողությունների ծրագրի շրջանակում ԵՄ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ապահովել ինքնաբավություն սննդի և անհրաժեշտ ապրանքների առումով առնվազն 72 ժամ (որոշ երկրներ, օրինակ՝ Շվեդիան, պատրաստվում են ավելի երկար ժամանակահատվածի)։
Ժամանակակից աշխարհում փոփոխվում են հակամարտությունների օրինաչափությունները․ ՆԱՏՕ-ի և ԵՄ ռազմական կառույցները շեշտում են հիբրիդային և բարձր տեխնոլոգիական պատերազմին նախապատրաստվելու անհրաժեշտությունը։
Քննարկվում են գաղափարներ՝ ստեղծելու եվրոպական բանակ, որը կարող է գործել առանց ԱՄՆ-ի ուղղակի աջակցության՝ հատկապես հաշվի առնելով եվրոպական անվտանգության կառույցներից ԱՄՆ-ի դուրս գալու ռիսկը։ Չնայած այս քայլերին, որոշ վերլուծաբաններ նշում են, որ Եվրոպան դեռևս բավարար չափով պատրաստ չէ ուղիղ և բարձր ինտենսիվության զինված հակամարտության։