Հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզում հորդառատ անձրևների ու վարարումների հետևանքով գրանցվել է քարաթափման 6, սողանքի՝ մեկ, փլուզման՝ 3 ու սելավի 1 դեպք։ Փրկարար ծառայությունն ու մարզային կառույցները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով։ Սյունեցիները ձեռնամուխ են եղել իրենց տների ու տարածքների մաքրմանը։
«Նորոգում ենք անում, 5 սանհագույցների սալիկներն է քշել տարել, ցանկապատն է տարել, դարպասները, պատերն է սրբել տարել, դե հողամասի մասին չեմ խոսում»
Կապանի բնակիչ Համլետ Դավթյանը Սյունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների վարչության պետ Սեյրան Ավետիսյանին է ներկայացնում հեղեղումների պատճառով կրած վնասները։ Արդեն երկու օր է՝ Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խմբերը մարզի բոլոր համայնքներում քարտեզագրում են տուժած բնակիչների ու տնտեսվարողների կրած վնասները։ Նախնական տեղեկություններով՝ ամենաշատը տուժել են մարզկենտրոն Կապանի բնակիչները։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական ծառայության պետ Դավիթ Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» ներկայացնում է դեպքի օրը կատարած աշխատանքները․
«Երթևեկելի գոտուց մասնատել, հեռացրել եք բազմաթիվ խոչընդոտ հանդիսացող ծառեր, որոնք սելավատարի հոսքի հետ ձորակներից էին լցվել ճանապարհին, երկաթբետոնյա կոսնտրուկցիաներ ենք ապամոնտաժել, երթևեկությանը խանգարող ջրաբերուկներ են մաքրվել, երթևեկությունը կարողացել ենք վերականգնել ժամը 18-ի սահմանում, որից հետո փորկարարների ու պարեկների կողմից հերթապահություն է սահմանվել նշված հատվածում, որպեսզի նշված հատվածում ավարտին հասցվեն մաքրման աշխատանքները»։
Միայն մեկ օրում՝ հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզում գրանցվել է քարաթափման 6, սողանքի 1, փլուզման 3, սելավի 1 դեպք։ Փրկարարները, մարզպետարանի աշխատանքային խմբերն ու ոստիկաններն աշխատել են արտակարգ ռեժիմով ու կարողացել են արագ արձագանքել ահազանգերին։ Մարզում այժմ իրավիճակը կայուն է, բայց փրկարար ծառայությունը շարունակում է աշխատել ուժեղացված ռեժիմով։ Սյունիքի փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը պատմում է այս պահին տիրող իրավիճակի մասին․
«Այս պահին մարզում անձրևի ինտեվիսություն չունենք, երեկոյան ժամերից անձրևի առատ տեղումները դադարել են։ Գետերի հուները պարբերաբար շրջայցների ընթացքում դիտարկում ենք, գտնվում են բնականոն իրենց սահմանաչափի մեջ։ Կցանկանայի նշել, որ միջպետական ու համայնքային ճանապարհներին արդեն իսկ չունենք քարաթափման ու սողանքային դեպքեր, ինչը պայմանավորված է մարզի բոլոր հատվածներում անձրևների դադարեցման հիմքով»։
Չնայած տեղումների քանակը նվազել է, բացի փրկարարներից, պատկան այլ կառույցներն էլ են շարունակում աշխատել արտակարգ ռեժիմով, որպեսի հարկ եղած դեպքում՝ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեն։ Այս պահին Սյունիքում իրավիճակը վերահսկելի է։