20 տարի առաջ մի խումբ երիտասարդներ պարզապես ուզում էին նվագել և կիսվել իրենց սիրած երաժշտությամբ։ Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալիս աշխարհի տարբեր բեմերում, ձևավորում նոր ճաշակ և դասական երաժշտության նոր ընկալում։ Նվագախումբը հոբելյանական համերգաշրջանում պատրաստվում է ընդունել նաև աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգին։
20 տարի առաջ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մի խումբ ուսանողներ որոշեցին դասական երաժշտության երիտասարդական նվագախումբ ստեղծել։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը խոստովանում է՝ եթե իմանար, թե որքան դժվար ուղի պետք է անցնեին, գուցե հրաժարվեր այդ մտքից։
«Եթե մեկը պատմեր, թե որքան դժվար է նվագախումբ ստեղծելը, ես գուցե այլ բան մտածեի, օրինակ՝ իմ կարիերայի մասին։ Նվագախումբը ստեղծել ենք թիմով։ Տեսլականն այն էր, որ մենք սիրում ենք երաժշտությունը։ Եվ ստեղծվեց երիտասարդական նվագախումբը, որը 2011 թվականին դարձավ պետական»։
Նվագախմբի առաջին մեծ համերգը տեղի ունեցավ Բեռլինում։ Մամուլը գրեց նվագախմբի մասին, և դա դարձավ մեծ խթան հանդիսացավ հետագա գործունեության համար։ Միայն 2025 թվականին նվագախումբը 133 համերգ է ունեցել՝ 65-ը՝ Երևանում, 15-ը՝ մարզերում և 53-ը՝ արտերկրում։
«Դա այն նշաձողն է, որ Եվրոպայի լավագույն նվագախմբերը, կարծես թե, զարմանքով են ընդունում, ինչը մեզ համար մեծ ձեռքբերում է։ Իսկապես, շատ շնորհակալ ենք պետությանը, առանց որի հնարավոր չէր լինի այս գործընթացների որակյալ իրականացումը»։
20-ամյա նվագախումբը, Սմբատյանի գնահատմամբ, տարածաշրջանում դասական երաժշտության օրակարգ է թելադրում։
«2012 թվականին ինքներս մեր առջև շատ հստակ պահանջներ դրեցինք, որ մենք պետք է ոչ թե պարզապես ինտեգրվենք և ցույց տանք դասական երաժշտության ունկնդրին, որ կա նոր ուժ, նոր նվագախումբ, այլ ձևավորենք նոր ունկնդիր։ Երիտասարդ ունկնդիրը շատ արագ արձագանքող, երբեմն նաև պահանջկոտ լսարան է»։
20-րդ հոբելյանական համերգաշրջանը, որը մեկնարկել է անցած տարվա սեպտեմբերից, ներառում է բազմաբնույթ ծրագրեր Երևանում, մարզերում և արտերկրում։ Վերջին տարիներին իրականացրած նախագծերը զգալիորեն նպաստել են երիտասարդ հանդիսատեսի ներգրավմանը, ասում է նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։
«Կարողացանք հասնել մեր նպատակներին՝ ունենալով երիտասարդ հանդիսատես։ Մեզ համար մեծ ձեռքբերում է նաև այն մթնոլորտը, որում անցկացվում են դասական երաժշտության համերգները, և երիտասարդ հանդիսատեսի տեսակարար կշիռը օրեցօր բարձրանում է»։
Արդեն 20 տարի նվագախումբը, բացի Երևանից ու տարբեր երկրներից, հանդես է գալիս նաև Հայաստանի մարզերում։ Դա պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է, ասում է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը․
«Սիմֆոնիկ նվագախումբն իր գործունեության և ռազմավարության շրջանակում կարևորում է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումն ու հանրահռչակումն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Պետությունը շարունակաբար աջակցում է նման կառույցներին՝ նպաստելով դրանց զարգացմանը։ Միայն անցած տարի նվագախումբը Գերմանիայում հանդես է եկել մի շարք համերգներով, որոնց մի մասը ֆինանսավորվել է պետության կողմից։ Նախատեսվում են նոր ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, այդ թվում՝ Չինաստանում և այլ տարածաշրջաններում»։
20-րդ համերգաշրջանում սիմֆոնիկ նվագախումբը կհյուրընկալի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգին։ Երաժիշտը առաջին անգամ կլինի ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։
«Նման մակարդակի արտիստների ներկայությունը պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանում ձևավորվել է բարձրակարգ գործընկերային միջավայր։ Լանգ Լանգի հետ նախատեսվում է կատարել Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Ընտրությունը պատահական չէ, քանի որ այն դասական երաժշտության ամենահայտնի և ամենաշատ կատարվող ստեղծագործություններից է, որը սիրված է նաև հանդիսատեսի կողմից»։
Նվագախումբը շարունակում է զարգանալ հիմնադիրների նախանշած ուղիով, պահպանելով դասական արժեքները, միաժամանակ բաց լինելով նորարարական մոտեցումների համար։ Հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվում են նաև «Սիմֆոնիկ Համասյան» և «Սիմֆոնիկ Մեսչյան» համերգները։