44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի կարող հրապարակվել քաղաքական հայեցողությամբ՝ հայտարարում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին, թե արդյոք նախատեսվում է փակ ձևաչափով քննարկել այն անհետ կորածների հարազատների հետ։
«Տեսեք, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումը բացառապես իրավական հարց է, քաղաքական հայեցողության հարց չէ, և դրա հրապարակման պատասխանը իրավական ընթացակարգերով է տրվում։ Հետևաբար, քաղաքական հայեցողությամբ դա չի կարող հրապարակվել»։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարում է, որ իրենց խմբակցությունը սատարելու է անհետ կորածների հարազատների՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու պահանջին։ Աբրահամյանի կարծիքով՝ սա ոչ թե ցանկություն է, այլ օբյեկտիվ և հիմնավոր պահանջ։
«Պատերազմի ավարտից հետո, հատկապես երբ էմոցիոնալ ֆոնը բավականին բարձր էր, իշխանությունները մարդկանց խոստացել են զեկույցի միջոցով արձագանքել և նշել հստակորեն մեղավորներին պատերազմի, պատասխանատուներին, պատերազմական տարբեր դրվագների հետ կապված տալ հստակ գնահատականներ։ Դրվագները առաջին հերթին վերաբերում են բոլոր այն իրավիճակներին, որոնք կապված են մարդկանց նահատակություններին,գերեվարման դեպքերին, անհետ կորելու հանգամանքներին»։
Աբրահամյանը խնդրահարույց է համարում այն, որ պատերազմի հանգանանքները քննել է պատերազմի ժամանակ երկիրը ղեկավարած քաղաքական ուժը։ Բայց, ընդգծում է նաև, որ հատկապես պատերազմի հետևանքով կորուստներ ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան դրա բովանդակությանը ծանոթանալու։
«Բայց հիմա ունենք մի իրավիճակ, երբ ըստ էության, քննիչ հանձնաժողովը գործել է և հասել բավականին հակասական կետի է հասել։ Միանգամից ասեմ, որ ես ծանոթացել եմ քննիչ հանձնաժողովի զեկույցին, շատ- շատ ասելիք կա այս մասով։ Ուղղակի բովանդակության գաղտնիության ռեժիմը հնարավորություն չի տալիս շատ բարձրաձայնելու, բայց յուրաքանչյուր պարագայում կա իշխանությունների խոստումներն ու հավաստիացումները, որ այդ զեկույցը պետք է բավարարի թեմայի հիմնական շահառուներին»։

ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններն ի սկզբանե բոյկոտել էին պատերազմի հանգանքներ ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, պատասխանելով նույն հարցին, ընդգծում՝ ԱԺ արխիվ ուղարկված փաստաթուղթը, ըստ էության, զեկույց չէ․
«Ստացվել է մի փաստաթուղթ, որի տակ չեն ստորագրել անգամ իրենց հանձնաժողովի անդամները, ու ֆորմալ առումով զեկույց, որպես այդպիսին, գոյություն չունի, բայց, բնականաբար, հարց է առաջանում՝ էդ փաստաթուղթը, որ իրենք ստացել են, ինչի՞ չեն հրապարակում, կամ ինչ-որ ֆորմատով չեն քննարկում։ Մենք, իհարկե, ասում ենք, որ էդ փաստաթուղթը, եթե ունեք, այդքան աշխատել եք, խոստացել եք բացահայտում, բերեք, եթե ինչ-որ գաղտնիության խնդիր կա, բերեք, գոնե քննարկենք, հասկանանք ինչի մասին է»։
ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներն էլ այս օրերին հանդիպել են խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա անող անհետ կորածների հարազատներին։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյան․
«Ինչ վերաբերում է անհետ կորածներին, աշխատանք իրականում տարվում է»։
«Հայաստան» խմբակցության անդամ ՔրիստինեՎարդանյան․
«Ոչ միայն երեկ, անցնող օրերին իմ գործընկերները հանդիպել են ծնողների հետ, երեկ իմ գործընկերուհի Աննա Գրիգորյանը բարձրաձայնել է այդ հարցը»։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան․
«Ես առիթ ունեցել եմ ոչ միայն վերջին օրերին, այլ նաև հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում տարբեր առիթներով, անառիթ զրուցելու պատերազմի հետևանքով և՛ նահատակված, և՛ անհետ կորած, վիրավորված մեծ թվով անձանց հարազատների հետ»։

Ավելի քան երեք տարվա ուսումնասիրությունից հետո 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը խորհրդարանի նախագահությանն էր հանձնել 2025-ի սեպտեմբերին: Ավելի ուշ Ազգային ժողովի նախագահը հայտարարել էր, որ այն չի ներառվի լիագումար նիստերի օրակարգ, քանի որ խախտվել են իրավական ընթացակարգերը։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ hանձնաժողովի լիազորությունների առավելագույն ժամկետը մեկ տարի վեց ամիս է: Եթե զեկույցն այդ ընթացքում չի ներկայացվում, հանձնաժողովի լիազորությունները համարվում են ավարտված:
Այս բացատրությունից հետո փաստաթուղթն ուղարկվել էր Ազգային ժողովի գաղտնի փաստաթղթերի բաժին: Նշվել էր, որ պատգամավորները փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն կունենան: