Նախընտրական այս շրջանում տարբեր զգայուն խնդիրների անդրադառնալու և բացահայտումների մասին խոստումների «մրցավազք» է սկսվել մրցակից կուսակցությունների միջև։ Վարչապետ Փաշինյանը, օրինակ, համոզված է, որ քաղաքացիների հետ ազատ և ազնիվ շփում է պետք, որը և պարտադրում է խոսելու նաև պատերազմի վտանգից, ինչը ինքը չի գնահատում որպես ահաբեկում, ինչպես կարծում են ընդդիմադիր թևում։
«Մենք հանձնվում ենք ժողովրդի դատին, և ժողովուրդը մեզ կդատի»,-կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցին հայտարարել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ յուրաքնչյուր որոշման իրենք հնազանդորեն կենթարկվեն։ Վարչապետն իր նոր որոշումների մասին էլ է խոսել։
Կառավարությունն արդեն ունի որոշում․ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում ցուցադրելու է վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը։ Վարչապետ Փաշինյանը գերադասում է դա կոչել ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին։ Սակայն այդ հաշվետվությունն էլ պետք է ներկայացվի զգուշավոր կերպով, որ նոր խնդիրներ չառաջանան, ասում է նա։
«Ընդհանրապես, զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև խաղաղության օրակարգից շեղվելու, խաղաղության օրակարգից հրաժարվելու տպավորություն ստեղծել ։ Մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել միջազգային գործընկերների հետ, նաև տարածաշրջանի երկրների հետ, որպեսզի դրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում։ Կարծում եմ, որ դա ՀՀ քաղաքացիների համար կլինի տպավորիչ տեսարան»։
Սպառազինությանն առնչվող միակ հարցը չէ սա իշխանության օրակարգում։ Այս թեման շոշափվում է նաև ԼՂ–ին առնչվող «մնայիք, չփախչեիք, կռվեիք» բանավեճի տիրույթում։ Սպառազինությանը վերաբերյալ աղմկահարույց փաստեր կան՝ ասում է Փաշինյանը, բայց դեռ սպասում է պատեհ պահի՝ հրապարակելու դրանք։ Նա վկայակոչում է 2023-ի իրադարձություններից հետո Հայաստանի անվտանգության խորհրդի նիստի քննարկումներն ու մարտական գործողությունների արդյունքների վերլուծությունը։
«Շատ բան չկարողանալով բացել, ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը, դա կարող է լինել 80-90%, մնացել են ձեռք չտված։ Միֆ է, որ կռվել են մինչև վերջ և այլն, և այլն։ Ի միջի այլոց, ես համոզված եմ` այս խմորը շատ ջուր կտանի։ Կթողենք, որ լավ տանի՝ ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահի ես կորոշեմ այդ ամեն ինչը կհրապարակեմ։ Սուտ է, չի եղել այդպիսի բան։ Փախել են, ճողոպրել են»։
Փաշինյանը պարզաբանում է՝ այս հայտարարությունն անելիս նկատի ունի մարդկանց որոշակի խմբի, ոչ թե ԼՂ ամբողջ բնակչությանը։
«Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են։ Ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, «էլիտան» է փախել։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կմեղադրեմ։ Ընդհանրապես, ժողովրդին որևէ բանում մեղադրելը, դա, կներեք, անհեթեթություն է։ Ղարաբաղի ժողովրդի հետ կապված ես կարող եմ ասել, որ իմ գնահատականն այն է, որ և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի իշխանությունները, ըստ էության, Ղարաբաղի ժողովրդին պահել ենք պատանդի կարգավիճակում` անհասկանալի նպատակների համար»։
ԼՂ թեմայով Հայաստանի վարչապետն այս փուլում խուսափում է այնպիսի ձևակերպումներից, ինչպիսիք են՝ «ցեղասպանություն», «էթնիկ զտում», «բռնի տեղահանում», հիմնավորելով, որ այդ քաղաքականությունը հայելային անդրադարձ է ունենում Ադրբեջանում, նաև առաջացնում է կոնֆլիկտի հնարավոր հիմքեր։
«Ես` որպես ՀՀ վարչապետ, ընդհանրապես հրաժարվում եմ այսպես կոչված «պատմական արդարության վերականգնման» օրակարգից, որովհետև կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ։ Մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների, և ես պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել մեր ժողովրդին։ Կոչ և խնդրանքով դիմում եմ գաղթականի և պանդուխտի տրամաբանությունից դուրս գալ, որովհետև մենք տուն ենք հասել, և Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է։ Մենք պետք է մեր տանը տեր կանգնենք, ոչ թե անընդհատ Հայաստանի Հանրապետությունը համարենք ժամանակավոր կացարան աշխարհի տարբեր տեղեր վերադառնալու համար»։
Վարչապետը խաղաղվելու կոչ է անում և խոստովանում, որ նման հայտարարության համար անգամ ՀՀ վարչապետին է անհրաժեշտ խիզախություն։ Իր խիզախության հիմքերը գալիս են վերջին մեկ ամսում քաղաքացիների հետ հանդիպումներից։ Այս սկզբունքով է առաջնորդվելու նաև Սահմանադրության փոփոխության ժամանակ՝ «Անկախության հռչակագրից» հնարավոր հրաժարման դեպքում։ Փաշինյանը համոզված է, որ ընդվզող քաղաքացիներին կկարողանան բացատրել դա, եթե անգամ հանրաքվեն առաջին փորձից տապալվի։
«Նորից կանենք Հանրաքվե։ Մենք կգնանք մեր ժողովրդին կհամոզենք, կբացատրենք, մենք խնդիր չունենք, ես համոզված եմ` ինչի շուրջ մենք ազնիվ և արդար կերպով մեր ժողովրդի հետ խոսենք, մեր ժողովուրդը կհասկանա»։
Փաշինյանին երբեմն հիշեցնում են, որ 2018-ի հեղափոխությունը սկսվեց, երբ Սերժ Սարգսյանը երկու ժամկետով որպես նախագահ պաշտոնավարելուց հետո որոշեց առաջադրվել նաև երրորդ ժամկետով վարչապետի պաշտոնում։ 2026-ի ընտրություններում հաղթելու պարագայում Փաշինյանը երրորդ ժամկետը կպաշտոնավարի՝ 2018-ից և 2021-ից հետո։ Փաշինյանի համար հասկանալի չեն այդ համեմատությունները։
«Նախ 2018-ին իմ ասածը կախված է եղել Սերժ Սարգսյանի հրապարակային խոստման հետ, որ ինքը չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, ինչ վերաբերվում է հարցին` վարչապետի հետ կապված, ինչքան ես գիտեմ, խորհրդարանական կառավարման երկրներում վարչապետի առաջադրման անգամների հետ կապված սահմանափակումներ չկան, և այդ հարցերը կարգավորվում են կուսակցական ընտրություններով, որի ավանդույթը մենք այսօր թափանցիկ կերպով ստեղծում ենք։ Եվրոպայում լիդերներ են եղել, ովքեր երեք, չորս, անգամ նույնիսկ հինգ անգամ առաջադրվել են ընտրություններում և հաղթել են»։
Ուշագրավ է, որ գերզգայուն հարցերի շուրջ որոշումներ կայացնելու այս փուլում ՀՀ-ն դեռ չունի ազգային անվտանգության ռազմավարություն։ Փաշինյանը վերջին ռազմավարությունը համարում է արդիականությունը կորցրած, կառավարությունն այժմ աշխատում է նոր ռազմավարության վրա։